«Հետքը» գրել էր Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածուների ունեցվածքի մասին, ինչից պարզ է դառնում, որ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը ոչ միայն ամենահարուստն է (ըստ հայտարարագրերի), այլև միակ թեկնածուն, որ արտերկրում անշարժ գույք ունի:

Չնայած Հ. Մարությանը հաշվառված է Հյուսիսային պողոտայում, որտեղ 170 քմ մակերեսով բնակարան ունի և 27 քմ տարածքով ավտոտնակ, փաստացի բնակվում է Հանրապետության փողոցում:

Բացի Հյուսիսային պողոտայում ունեցած գույքից՝ Հ. Մարությանը, ըստ հայտարարագրի, նաև Չեխիայի մայրաքաղաք Պրահայում 5 բնակարան ունի, 1 առանձնատուն և 2 հողամաս: Սրանցից մի քանիսը նրա սեփականությունն են, մյուսները՝ համատեղ սեփականություն կնոջ՝ Իվա Մարությանի հետ, որը Չեխիայի քաղաքացի է:

Թեկնածուի հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ նա իր չեխական բնակարանները վերջին մեկ տարում (2017թ-ի օգոստոսից մինչև 2018-ի օգոստոս. հայտարարագիրը ներակայացվել է այս ժամանակահատվածի համար) վարձով տվել է տեղացիների, ինչի արդյունքում ստացել է 1.338.000 չեխական կրոնի եկամուտ (շուրջ 30 մլն դրամ):

Անդրադառնանք դրանց ըստ հերթականության․

- Լիբեն թաղամասի Կրեյչիհո 2279/6 հասցեում (Krejčího 2279/6, Libeň, Praha 8) Հ. Մարությանն, ըստ հայտարարագրի, 63 քմ մակերեսով բնակարան ունի, ինչպես նաև 45 քմ տարածքով հողամաս: Այս փաստը հաստատվում է նաև չեխական կադաստրի փաստաթղթերով: Մարությանի ամբողջ գույքը գտնվում է Վլտավա գետի աջ ափին ու համեմատաբար հեռու է Պրահայի կենտրոնից, սակայն վերը նշված շենքը դրանցից համեմատաբար ամենամոտն է Հին քաղաքին:

- Այս շենքից ընդամենը 550 մ հեռավորության վրա Հայկ Մարությանը 2 բնակարան ունի նույն Լիբեն թաղամասի Վ Զահրադախ 2406 հասցեում (V zahradách 2406. հստակ չէ, թե իրար կից 2406/37 և 2406/39 շենքերից կոնկրետ որտեղ են բնակարանները): Ըստ հայտարարագրի՝ բնակարաններից մեկի մակերեսը 73 քմ է, մյուսինը՝ 59 քմ: Սրանք նույնպես Մարությանի միանձնյա սեփականությունն են:

- Հայկ Մարությանը կնոջ հետ համատեղ սեփականությամբ 55 քմ մակերեսով բնակարան ունի Լետնյանի թաղամասի Տերեզինսկա 702/7 շենքում (Terezínská 702/7, Letňany, Praha 18): Լետնյանին համարվում է Պրահայի ամենահարուստ շրջաններից մեկը: Քաղաքապետի թեկնածուի և նրա կնոջ վերաբերյալ կադաստրային թղթերում իբրև գրանցման հասցե նշվում է հենց Տերեզինսկա 702/7-ը: Այսինքն՝ սա Մարությանների չեխական հիմնական հասցեն է:

- Հայկ և Իվա Մարությանները ևս մեկ համատեղ բնակարան ունեն Կբելի թաղամասի Հերլիկովիցկա 1021 հասցեում (Herlíkovická 1021, Kbely, Praha 19. քանի որ 1021 հասցեի տակ իրար կից մի քանի շենք կա, դժվար է ասել, թե կոնկրետ որտեղ է Մարությանների բնակարանը): Ըստ հայտարարագրի՝ դրա մակերեսը 60 քմ է: Չնայած թեկնածուն Հերլիկովիցկա 1021-ում հայտարարագրել է միայն կնոջ հետ համատեղ բնակարանը, չեխական կադաստրում տեսնում ենք, որ Հ. Մարությանը ևս մի գույք ունի այս հասցեում, որը նրա միանձնյա սեփականությունն է։

- Մարության ամուսինները համատեղ սեփականությամբ նաև առանձնատուն ու հողամաս ունեն Պրահայի ծայրամասում՝ Վինորժ թաղամասի Լիպոլտիցկա 807/15 հասցեում (Lipoltická 807/15, Vinoř, Praha 19): Ըստ Հ. Մարությանի հայտարարագրի՝ տան մակերեսը 178 քմ է, սակայն կադաստրի տվյալներով՝ այն 78 քմ է: Քանի որ առանձնատունը երկհարկանի է, չի բացառվում, որ թեկնածուն ներկայացրել է ընդհանուր մակերեսը: Տունը նաև կիսանկուղային ավտոտնակ ունի: Առանձնատան հարևանությամբ 356 քմ մակերեսով հողամաս կա, որի տարածքը, սակայն, Հ. Մարությանը ներակայացրել է 434 քմ (ներառել է նաև առանձնատան 78 քմ հողը):