Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբում 15-20 կմ լայնությամբ ապառազմականացված գոտի ստեղծել կառավարական զորքերի և զինյալ ընդդիմության շփման գծում: Այդ մասին հայտարարվել է սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սոչիում կայացած հանդիպումից հետո:

Բուֆերային գոտին, որը կգործի հոկտեմբերի 15-ից, պարեկելու են թուրքական ստորաբաժանումներն ու ՌԴ ռազմական ոստիկանությունը: Մինչև հոկտեմբերի 10-ն այնտեղից պետք է դուրս բերվեն բոլոր ծանր զինատեսակներն ու գրոհայինները, այդ թվում «Ջաբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչները, գրում է Deutsche Welle-ն:

«Սիրիայի ընդդիմության ջոկատները կմնան Իդլիբի իրենց դիրքերում: Թուրքիան կհասնի նրան, որ ընդդիմությունը չգործի այն շրջաններում, որտեղ ծայրահեղական խմբեր կան», - հավաստիացրել է Էրդողանը:

Էրդողան-Պուտին հանդիպման ավարտին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հուշագիր են ստորագրել ապառազմականացված գոտում կայունացման մասին: Առաջիկա ժամերին այն համաձայնեցվելու է Սիրիայի կառավարության հետ: