Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը աշխատանքից ազատվել է: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի գործընկերներ, այսօր, իմ դիմումի համաձայն, ազատվել եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից:

Տեղեկացնեմ, որ իմ այս որոշումը ոչ թե րոպեական, այլ վաղուց հասունացած և կշռադատված որոշում է, որը հնարավոր դարձավ իրականացնել այսօր:

Առիթից օգտվելով իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ իմ հանդեպ դրսևորած բարձր վստահության և ավելի քան 7 տարիների համատեղ աշխատանքի համար:

Շնորհակալ եմ նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իմ բոլոր գործընկերներից ու, հատկապես, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության բոլոր աշխատակիցներից՝ ամենօրյա համատեղ ու սրտացավ աշխատանքի, նվիրվածության և մարդկային բարձր որակների համար:

Ի վերջո, շնորհակալ եմ նաև լրատվական դաշտի բոլոր իմ գործընկերներին՝ անցած ավելի քան 7 տարիների համատեղ աշխատանքի համար»,- գրել է Արթուր Գևորգյանը: