«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայելու պայմանագիր է կնքել ավելի քան 240 զորակոչիկ
«Պատիվ ունեմ» ծրագրով այս պահին պայմանագիր է կնքել ավելի քան 240 ուսանող։ Սակայն ասել, որ այդքանն էլ մնալու են ծրագրում, ճիշտ չի լինի, որովհետև ընթացքում թիվը կարող է պակասել՝ պայմանավորված որոշ ուսանողների՝ բուհից դուրս մնալով, այլ խնդիրներով։ Այս մասին հայտնեց ՀՀ ԶՈւ գնդապետ Սուջյանը։ Փոխանցում է razm.info-ն։
Երկրորդ կուրսեցիները արդեն հաճախում են ՌՈւՀ։ Գնդապետի խոսքով՝ այս պահին անցկացվում է «Պատիվ ունեմ» ծրագրի երկրորդ փուլ, բուհերին գրություններ են ուղարկվել, նոր թեկնածուներ են հավաքվում։ Սա պայմանավորված է դիմումների մեծ քանակով, մարդիկ չէին իմացել, որ այսպիսի ծրագիր կա, հիմա իրենց ընդառաջ են գնում, նախատեսվում է որոշման մեջ համապատասխան փոփոխություն անել՝ կազմը ավելացնելու համար։ Երկրորդ փուլով կհավաքագրվի միայն առաջին կուրսեցիներից, որոնք սպայական դասերի կգնան մյուս տարվանից։
Ծրագրի մասնակիցները ընտրվում են մրցույթով։ Պաշտպանության նախարարությունը ներկայացնում է զինվորական պաշտոնների համալրման համար անհրաժեշտ ընդունելության տեղերի թվաքանակը։ Ինչից հետո Գնահատման և թեստավորման կենտրոնը անցկացնում է մրցույթ։
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ 2018-2019 ուստարվա շրջանակներում «Պատիվ ունեմ» ծրագրով հատկացվում է ՀՀ ՊՆ համար անհրաժեշտ 500 տեղ:
- 450 տեղ հատկացվում է հետագայում դասակի հրամանատարի պաշտոնում ծառայելու համար՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում` հրաձգային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ:
- 50 տեղ հատկացվում է հետագայում բժշկական պաշտոնում ծառայելու համար՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` բուժական գործ մասնագիտությամբ:
Նշենք, որ ծրագրի մասնակիցն ունի բուհում անվճար սովորելու և ուսման ժամկետով զինծառայությունից տարկետում ստանալու իրավունք։ Ուսման և զինվորական պատրաստության ավարտից հետո կնքվում է պաշտպանության նախարարության նշած վայրում զինծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր։
3 տարի որպես սպա ծառայելուց հետո 2 տարվա ընթացքում կարող է Հայաստանում մագիստրատուրա ընդունվել և սովորել անվճար։