Հայաստանում գազ և նավթ որոնող «Ինտեգրալ պետրոլեում» ՍՊԸ-ի տնօրեն Վաչագան Պետրոսյանը դատի է տվել էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Վաչագան Պետրոսյանը պնդում է, որ նախարարությունն իրենց լիցենզիան տվել է «Տաշիր գրուպ»-ի հիմնադիր Սամվել Կարապետյանին առնչվող «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ին: Մինչդեռ իրենք արդեն իսկ այդ տարածքում կատարել են որոնողահետախուզական աշխատանքները և հայտաբերել 15 մլրդ խ/մ գազ:

Ավստրալիայի քաղաքացի, նախկինում նաև Ռուսաստանում բնակվող Վաչագան Պետրոսյանը Հայաստանում զբաղվում է գազի և նավթի որոնողական աշատանքներով: «Ինտեգրալ պետրոլեում» ՍՊԸ-ով Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից 2012թ-ին ստացել է Հայաստանում երկրորդ ենթաբլոկում գազի որոնողահետախուզական աշխատանքներ իրականացնելու լիցենզիա` 5 տարի ժամկետով: 2-րդ պայմանական տարածքը ներառում է հանրապետության կենտրոնական հատվածը՝ Երևան քաղաքը, Արմավիրի, Արագածոտնի մարզերն ամբողջությամբ, Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերի տարածքները մասնակի: Ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 7250 կմ: Հայցվող տարածքի մի հատվածը եզրագծվում է հայ-թուրքական սահմանով:

Ընկերությունն ուսումնասիրել է տարածքը, 55 հորատանցք բացել: Մանրամասն անալիզ, երկրաբանաքիմիական և սեյսմիկ հետազոտություններ են կատարել նորագույն մեթոդներով, ինչի արդյունքում երկրորդ ենթաբլոկում հայտնաբերվել է 13 հեռանկարային օբյեկտ:

«Մենք առաջնահերթ կենտրոնացել ենք գազի հետախուզման վրա, քանի որ գազի արդյունահանումը, պատրաստություններն ու իրականացումը մեծ ծախսեր չեն պահանջում, և գազի գինը ներքին շուկայում կայուն է»,- պատմում է Վաչագան Պետրոսյանը:

Հետազոտություններով հայտնաբերվել է գազի պաշար Հոկտեմբերյանի տարածքում, ընդգծվել են տեղամասի սահմանները և խորությունները, ավելի ուշ գնահատվել են պաշարները՝ 15 մլրդ մ/խ: 2015թ. այս տվյալները փոխանցվել է էներգետիկայի նախարարությանը: Ավելի ուշ ուրվագծվել է նաև նավթի երկու տեղամաս` Հոկտեմբերյանի և Շորաղբյուրի տարածքներում, որտեղ պաշարները գնահատվել են 35,8 մլն տոննա կամ 250 մլն բարել:

Վաչագան Պետրոսյանը պատմում է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, զարմանալիորեն, իրենց ուղարկած տվյալներին արձագանքելու փոխարեն, զգուշացում է ուղարկել ընկերությանը, որ վերջինս չի կատարել իր պարտավորությունները: Վ. Պետրոսյանը հանդիպել է Ընդերքի գործակալության տնօրենի հետ, որպեսզի հասկանան, թե ինչ է պահանջվում իրենցից: Բացատրել է, որ գազի հանքավայր են հայտնաբերել: Այնուհետև հանդիպել է նախարար Լևոն Յոլյանի հետ, կիսվել իրենց ուրախալի տվյալներով, սակայն նախարարն ասել է, որ մինչ իր աչքով չտեսնի արդյունքները, չի համոզվի:

Գազի վերաբերյալ ստացված արդյունքները «Ինտեգրալ պետրոլեում» ՍՊԸ-ն մի քանի տեղեր է ուղարկել, մասնավորապես՝ Սամարայի նավթի և գազի ինստիտուտին, Մոսկվայի Ի. Գուբկինի անվան նավթի և գազի ինստիտուտին, «Բելառուսնևտ»-ին, ում հետ նաև կնքվել է գազի ստացման համար կատարվող արդյունահանման աշխատանքների համաձայնագիր:

2016թ-ի հունիսին Վաչագան Պետրոսյանին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը և խոստացել աջակցել իրենց աշխատանքների շարունակականությանը: Այդ հանիպումից մեկ ամիս անց Վաչագան Պետրոսյանին է զանգահարել «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը և Մոսկվա հրավիրել` հանդիպման: Նա խոստացել է աջակցել իր փորձագետների միջոցով այդ ամենում համոզվելուց հետո: Նրա կողմից ուղարկված «Ռոսգեոլոգիա»-ի մասնագետներին է տրամադրվել բոլոր այն հետազոտություններն ու արդյունքները, որոնք կատարել էր «Ինտեգրալ պետրոլեում» ՍՊԸ-ն: Այդ մասնագետները հավանություն են տվել «Ինտեգրալ պետրոլեում» ՍՊԸ-ի նախագծին, և 2016թ-ի դեկտեմբերին Վաչագան Պետրոսյանն ընդունել է Սամվել Կարապետյանի պայմանները, և պայնանավորվել են 2017թ-ի մարտից սկսել աշխատանքները: Սակայն համատեղ աշխատելու պայմանագիր այդպես էլ Սամվել Կարապետյանի կողմից չի ուղարկվել, Կարապետյանն այլևս կապի դուրս չի եկել, չի պատասխանել հեռախոսազանգերին:

«Ինտեգրալ պետրոլեում» ՍՊԸ-ի ու Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ կնքած պայմանագրի համաձայն` ՀՀ կառավարությունը իրենց իրավունքների երաշխավորն է եղել, միաժամանակ արդյունահանվելիք արտադրանքի 55 տոկոսը կառավարության մասնաբաժինն է եղել:

«Մեր հայտնաբերած տարածքներում նավթի և գազի արդյունահանման արդյունքում ՀՀ-ին կարող է տալ 20 մլրդ դոլար ընդհանուր արժեքով վառելիք: Այս թվերն իրենք են խոսում իրենց մասին: Այդ ակտիվների ներքո կարելի է վարկավորվել և կառուցել նավթագազային արդյունաբերություն»,- համոզված է Վաչագան Պետրոսյանը:

2017թ. դեկտեմբերին «Ինտեգրալ պետրոլեում» ՍՊԸ-ն դիմել է նախարարություն` երկու տարով որոնողահետախուզական աշխատանքների արտոնագիրը երկարացնելու խնդրանքով, որպեսզի կարողանա ավարտին հասցնել իր աշխատանքները և նախապատրաստվել արդյունահանմանը: Սակայն փաստաթղթերը քննարկման չեն դրվել և ուղղակիորեն մերժվել են: Փոխարենը նախարարությունը նույն ենթաբլոկում որոնողահետախուզական աշխատանքներ կատարելու արտոնագիր է տրամադրել Սամվել կարապետյանին առընչվող «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ին: Հիշեցնենք, որ փաթեթն արդեն ներկայացվել է բնապահպանության նախարարություն և դրական եզրակացություն ստացել:

Վաչագան Պետրոսյանը շեշտում է, որ, փաստորեն, լիցենզիան հետագայում տրվել է Սամվել Կարապետյանին առնչվող այն ընկերությանը, որի հետ համատեղ գործունեություն ծավալելու պայմանավորվածություններ է ունեցել «Ինտեգրալ Պետրոլեումը»:

«Ինտեգրալ պետրոլեում» ՍՊԸ-ի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Հայկ Եգանյանն էլ նշում է, որ այդ ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, մինչ նախարար նշանակվելը, եղել է «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի միակ բաժնետեր «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ի տնօրեն, այսինքն` այստեղ ակնհայտ շահերի բախում կա:

Փաստաբանը նաև պատմեց, որ իրենք երկու հայցով են դատարան մտել: Առաջինով վիճարկում են էներգետիկայի նախարարության անգործությունը, քանի որ վերջինս գրավոր մերժում է տվել` պատճառաբանելով, որ իբրև թե պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել: Մինչդեռ գրությունը պատճառաբանված և հիմնավորված չի եղել: Փոխարենը նախարարությունն ընկերության դիմումն ու փաթեթը պետք է ուղարկեր Բնապահպանության նախարարություն: Երկրորդ պահանջով խնդրել են պարտավորեցնել էներգետիկայի նախարարությանը երկարացնել որոնողահետախուզական աշխատանքներ կատարելու լիցենզիան երկու տարով: Հոկտեմբերի 2-ին արդեն մեկ գործով նշանակված դատական նիստ կա:

Վաչագան Պետրոսյանն իր մասին պատմեց, որ 2002 թվականին Արցախում նավթի վերամշակման գործարան են ստեղծել: Սակայն Արցախի կառավարությունը չի կատարել` նավթն այդ գործարանին մատակարարելու պայմանը, ինչի հետևանքով այն մեկ տարի անց չի գործել: Այսօր այդ տարածքը պետական նավթային բազա է դարձել: Այնուհետև, Վաչագան Պետրոսյանը զբաղվել է նավթի որոնումներով Արցախում: Սակայն Մարտակերտի շրջանում իրենց տրամադրված ուսումնասիրությունների տարածքը, պարզվել է, որ շուտով տրվել է «Բեյզ մեթլզ»-ին:

Վաչագան Պետրոսյանը 2005թ-ի մայիսից ընտանիքով տեղափոխվել է Հայաստան և այստեղ շարունակել նավթի ու գազի որոնման աշխատանքները, որը, նույնպես, ըստ նրա, ձախողման մատնվելու վտանգի տակ է: Վաչագան Պետրոսյանը դիմել է նոր կառավարությանը: Ուզում են, որ վարչական ակտերը, որոնք օրենքի խախտումներով են կայացվել, չեղյալ համարվեն: Բացի դրանից, հանդիպել են էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանի հետ, ով խոստացել է արդար ձևով լուծել այս հարցը:

«Մենք պետք է հասկանանք` մերն է, թե մերը չի էս երկիրը»,- ասում է Վաչագան Պողոսյանը: