ԱՄՆ մետրոպոլիտեն թանգարանում 2018թ. սեպտեմբերի 22-ից մինչև 2019թ. հունվարի 13 կգործի «Հայաստան» ցուցահանդես, որը նվիրված է հայ ժողովրդի գեղարվեստական և մշակութային ձեռքբերումներին համաշխարհային համատեքստում՝ քրիստոնեության ընդունից մինչև 18-րդ դար:

Մամուլի ասուլիսին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Մայր աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը ներկայացրեցին ցուցահանդեսի մանրամասները:

Լիլիթ Մակունցը նշեց, որ ցուցահանդեսին Հայաստանի պատմության թանգարանից կներկայացվի 34 նմուշ, Էջմիածնի մայր Աթոռից՝ 20 նմուշ և Մատենադարանից՝ 28 նմուշ, և ցուցանմուշներ կան, որոնք առաջին անգամ են ներկայացված լինելու: Նա նշեց, որ վարչապետը ևս կներկայանա ցուցահանդեսին, սակայն դժվարացավ ասել, թե կոնկրետ օրը և նշեց, որ ցուցահանդեսի բացումը լինելու է մամուլի ասուլիսով:

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ պատմության թանգարանից ներկայացվելու են քանդակագործության բարձրարժեք նմուշներ, կան եկեղեցական, կրոնական պարագաներ, կիրառական արվեստի նմուշներ:

Պատմության թանգարանի տնօրենը հայտնեց, որ ֆինանսական բոլոր ծախսերը հյուրընկալող կողմն է արել, և ՀՀ բյուջեից ոչ մի կոպեկ չի ծախսվել, տեխնիկական բոլոր հարցերն արվել են բոլոր բարերարների կողմից:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց, որ ոչ միայն ցուցադրությունն է եզակի, նախադեպը չունեցող, այլ հենց Մատենադարանը ԱՄՆ-ում այդպիսի ցուցադրություն չի ունեցել, և ձեռագրերն ընդգրկում են հինգերորդ դարից սկսած նմուշներ:

Նշենք, որ ցուցահանդեսի իրագործման համար գլխավոր հովանավորը «Հակոբ Գևորգյան» հիմնադրամն է: Ցուցահանդեսին աջակցել են նաև Նյու Յորքի Քարնեգի ընկերությունը, Միշել Դավիթ-Վեյլ հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը, Ղարագյոզյան հիմնադրամը, Նազար և Արտեմիս Նազարյանները, Արվեստի «Ռուդդոք» հիմնադրամը, Սթրոչ Կուլհանջյան ընտանիքը, Փարոս հիմնադրամը, Ասո Օ. Տավիտյանը և այլն: