Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում կբացվի արցախյան պատերազմի զենքի թանգարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին փոխվարչապետ, «Արցախի հերոս», Արցախի նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը:

Անդրադառնալով Մեծ Թաղեր գյուղի մշակույթի տան պատմությանը՝ նա մասնավորապես նշել է, որ այն՝ որպես ծխական դպրոց, կառուցվել է 1840-1850 թթ. բարերար Լալաբեկյանի կողմից (Լալաբեկյանը Մեծ Թաղերում 1840թթ. գործող Մետաքսի վերամաշակման գործարանի սեփականատերն էր), այն գտնվում է Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ։

«1905թ. ռուսական ցարը եկեղեցուն կից դպրոցները փակելուց հետո այն դարձել է օրիորդաց դպրոց, իսկ գյուղում սկսել է գործել չորսամյա պետական դպրոցը։ Օրիորդաց դպրոցը փակվել է 1920 թ.։ Թաթարների կողմից Շուշին վառելուց հետո, Շուշիից գյուղ եկածները տեղավորվել են պետական դպրոցի շենքում, իսկ դպրոցը տեղափոխվել է ծխական դպրոցի շենք»,- գերլ է Աղաբեկյանը՝ շենքի պատմության հետ կապված նշելով այլ հետաքրքիր մանրամասներ։

Անդրադառնալով մշակույթի տան ներկայիս վիճակին՝ Աղաբեկյանը տեղեկացնում է, որ այն վերակառուցվում է պետական միջոցներով, որտեղ կգործի գյուղի մշակույթի տունը և իր երկար տարիների երազանքներից մեկը՝ արցախյան պատերազմի զենքի թանգարանը։