Իրանի մեջլիսի (խորհրդարան) պատգամավորները դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած բաց նստաշրջանում պաշտպանել են այն առաջարկությունը, որի համաձայն, երկրի ղեկավարությունը պետք է Երուսաղեմը ճանաչի պաղեստինյան պետության «հավերժ մայրաքաղաք»: Այդ մասին դեկտեմբերի 26-ին հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը։

Խորհրդարանի կողմից հավանության արժանացած նախաձեռնությունը նախատեսում է ճշտումներ մտցնել Իրանի կողմից պաղեստինցի ժողովրդին պաշտպանելու մասին օրենքում: Այս փաստաթղթում, պատգամավորների կարծիքով, հարկավոր է ամրագրել, որ Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է: Առաջարկությունը պաշտպանելու օգտին արտահայտվել են մեջլիսի նիստին ներկա 226 անդամներից 207-ը:

«Փաստաթղթի համաձայն, Իսլամական Հանրապետության կառավարությունը պարտավոր է բազմակողմանի աջակցություն ցուցաբերել սրբազան Ալ-Քուդսին (Երուսաղեմի արաբական անվանումը)՝ Պաղեստինի մշտական մայրաքաղաքին»,-ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ եկել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ժամանակը, և կարգադրել է սկսել նախապատրաստվել ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխելուն: Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 128 ձայնի մեծամասնությամբ բանաձև է ընդունել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ՝ ի պատասխան Թրամփի որոշման:

Փաստաթղթին դեմ է արտահայտվել ինը երկիր՝ Գվատեմալան, Հոնդուրասը, Իսրայելը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն, ԱՄՆ-ը և Տոգոն, ևս 35 երկրներ քվեարկության ժամանակ ձեռնպահ են մնացել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: