ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի կողմից համատեղ մշակվող նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել ՀՀ ՊՆ «Արզնի» օդանավակայանի աերոդրոմն օգտագործել նաև ընդհանուր նշանակության ավիացիայի կարիքների համար: Ըստ նախագծի` այն կնպաստի ՀՀ ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացման նախադրյալների ձևավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և ներդրումների ներգրավմանը:

«Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացման նախադրյալների ստեղծման շրջանակներում նախատեսվում է հնարավորություններ ստեղծել՝ ուղղված մասնավոր առևտրային փոխադրումների կազմակերպմանը, ինչպես նաև ուսումնական գործընթացներին, մասնավորապես օդաչուների պատրաստման և վերապատրաստման ծրագրերի իրականացմանը: Միաժամանակ, նշված գործառույթներն ապահովելու նպատակով օդանավերի տեխնիկական սպասարկման գծային (բազային) կենտրոնի ստեղծման անհրաժեշտություն է առաջանում»,- նշված է նախագծում:

ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչության և ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից անցկացված համատեղ քննարկումների արդյունքում վերոգրյալ նպատակներով նպատակահարմար է համարվել օգտագործել ՀՀ պաշտպանության նախարարության «Արզնի» օդանավակայանի աերոդրոմը:

«Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով և 12-րդ հոդվածի 9-րդ մասով՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պաշտպանության նախարարության «Արզնի» օդանավակայանի աերոդրոմի կարգավիճակը սահմանել որպես համատեղ բազավորման աերոդրոմ»,- ասված է նախագծում: