Դանիայի ամենամեծ բանկերից Danske-ն այսօր հայտարարել է, որ չի կարողացել պարզել, թե որքան գումարներ են «լվացվել» իր բանկի էստոնական մասնաճյուղի միջոցով 2007-ից 2015թթ.-ին։

Բանկը հայտարարել է, որ Danske-ի գլխավոր գործադիր տնօրեն Թոմաս Բորգենը հրաժարական է ներկայացրել։ Հրաժարականը պայմանավորված է էստոնական մասնաճյուղում միլիարդավոր անօրինական ռուսական ու նաև ադրբեջանական գումարների լվացման սկանդալով, հայտնում է Պանորաման։

«Ես իսկապես ցավում եմ։ Պարզ է, որ Danske բանկը չկարողացավ իրականացնել իր պարտականությունը՝ կապված Էստոնիայում փողերի լվացման հնարավոր դեպքի հետ», - ասել է Թոմաս Բորգենը տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Danske բանկի էստոնական մասնաճյուղի վերաբերյալ սկանդալային բացահայտումներ էր արել The Guardian-ը՝ «Ադրբեջանական լվացքատուն» լրագրողական հետաքննության մեջ։ The Guardian-ը պարզել էր, որ Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվանալու համար:

Պարբերականի տվյալներով, 7 մլն ֆունտ ծախսվել էր Բրիտանիայում շքեղ ապրանքների և մասնավոր դպրոցների վարձավճարների համար: Դրամական միջոցները, որոնք ներդրվել էին Ադրբեջանի և Ռուսաստանի անթափանց վճարային համակարգերի միջոցով, ուղղվել են դեպի բրիտանական ընկերություններ: Եվրոպայի առաջատար բանկերից Danske-ն այս վճարումները կատարել էր Էստոնիայում իր մասնաճյուղի միջոցով:

Գաղտնի բանկային արձանագրությունները փոխանցվել էին դանիական «Berlingske» թերթին, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաշվետվության նախագծին, «Guardian» պարբերականին և մեդիա դաշտի այլ ներկայացուցիչներին։

Ադրբեջանական «լվացված գումաների» մի մասն էլ հայտվում էին Եվրոպացի քաղաքական գործիչների գրպանում, որոնք դրա դիմաց եվրոպական կառույցներում իրականացնում էին հակահայկական քարոզչություն ու փորձում նպաստել Ադրբեջանի վարկանիշի բարձրացմանը։ Այս դեպքերից ամենահայտնին Միլանի դատախազության կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեի գործի բացահայտումն էր, ըստ որի Վոլոնտեն Ադրբեջանի իշխանություններից ստացել էր 2.39 միլիոն եվրո։