Հանրային հեռուստաընկերությունը «Խաղի կանոններ» դեբատային հեռուստածրագրին մասնակցելու նպատակով հրավիրել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժի ցուցակները գլխավորող բոլոր թեկնածուներին, որոնցից համաձայնվել են մասնակցել 10-ը, հայտնում է հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջը:

Մասնակիցներն են՝

Արտակ Ավետյանը (Ռեֆորմիստների կուսակցություն),

Րաֆֆի Հովհաննիսյանը («Ժառանգություն» կուսակցություն),

Միքայել Մանուկյանը (ՀՅԴ),

Արտակ Զեյնալյանը («Լույս» դաշինք),

Անահիտ Թարխանյանը («Երևանի հանրություն» դաշինք),

Գևորգ Հովսեփյանը («Հայք»),

Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի» կուսակցություն),

Հայկ Մարությանը («Իմ քայլը» դաշինք),

Մհեր Շահգելդյանը («Օրինաց երկիր»),

Արարատ Զուրաբյանը («Երևանցիներ» դաշինք):

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Մանուել Գասպարյանը չի կարողանա մասնակցել դեբատներին «անձնական հարգելի պատճառով»: Հեռուստաընկերությունը չի նշում, թե ինչու բանավեճին մասնակցելու համաձայնություն հայտնած ուժերի մեջ չկա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և դրա ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի անունը:

Թողարկումը կհեռարձակվի սեպտեմբերի 21-ին՝ ժամը 22։25-ին: