«Իմ քայլը» դաշինքի` Մալաթիա-Սեբաստիա համայնքում կայացած քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է մարդկանց ավելի հանդուրժող լինել գործող կառավարությանը քննադատող քաղաքական ուժերի հանդեպ:

«Ես ընդունում եմ, որ շատ դեպքերում լինում են հայհոյախոսություններ, համաձայն եմ, որ պետք է ավելի հանդորժող միջավայր ձևավորել: Ժողովուրդ, պետք չէ քաղաքական ուժերի, ինչպես իրենք են ասում՝ բերանը փակել՝ թեկուզ գործող կառավարությանը քննադատելու համար, թողեք խոսեն», - ասել է վարչապետը:

Անդրադառնալով խոսքի ազատության սահմանափակումների մասին որոշ շրջանակների հայտարարություններին, Փաշինյանն ասել է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող առնվազն երեք ուժ իր վերահսկողության տակ գտնվող հեռուստատեսություն ունի, իսկ իշխող ուժը չունի:

«Այդ հեռուստատեսությունները երբեք այսքան ազատ չեն եղել, ինչպես այսօր, դրանց լրատվական թողարկումները եղել են նախկին իշխանության հսկողության տակ, Բաղրամյան 26-ից կոնկրետ մարդ է եղել, ով ասել է՝ սա կտրեք, նա ավելացրեք և այլն: Հայաստանում մարդ կա՝ մեկ ամսում երեք հեռուստատեսություն ու բազմաթիվ կայքեր է գնել, որոնք զբաղված են կառավարության հակաքարոզչությամբ, և դեռ ասում են, որ իրենց խոսքի ազատությունը սահամանփակվել է», - ասել է վարչապետը: