Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց անող արծվաշենցիները փորձել են անցնել ոստիկանական պատնեշն ու մտնել կառավարության շենք, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել: Սկսվել է հրմշտոց և քաշքշուկ, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնողները Արծվաշեն համայնքի նախկին բնակիչներն են, որոնց տները ավերվել են ու վթարային են դարձել պատերազմի հետևանքով: Արծվաշենցիներն այժմ կառավարությունից պահանջում են գումար հատկացնել՝ Ճամբարակի իրենց բնակարանային պայմանները բարելավելու համար:

Ցուցարարները խփում էին դռներին և լուսամուտներին: Նրանց հետ հանդիպման է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից հետո կրքերը հանդարտվել են:

Հավաքվածների և Փաշինյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կհանդիպեն հոկտեմբերի 2-ին։

«Առաջարկում եմ ձևավորել հինգ հոգուց բաղկացած խումբ և հանդիպել ինձ հետ», - ասել է վարչապետը։

Նշենք, որ պատերազմական գործողությունների ժամանակ՝ 1992թ-ին, արծվաշենցիները լքել են Արծվաշենը և տեղափոխվել Ճամբարակ: Արծվաշենը մնացել է սահմանից այն կողմ: