Ֆրանսիայում կստեղծվի ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվածների հիշատակի թանգարան: Այդ մասին հայտնել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, ով մասնակցել է ահաբեկչության զոհերի ոգեկոչման արարողությանը, որը հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպվել էր Փարիզի Հաշմանդամների տան տարածքում:

«Ես ցանկանում եմ, որ այդ թանգարանի նախագծումը սկսվի անհապաղ։ Այդ հուշահամալիրը հարգանքի տուրք կդառնա ահաբեկչական գործողությունների հետևանքով բոլոր զոհվածներին» - ասել է Մակրոնը, որը արարողությանը մասնակցել է իր տիկնոջ՝ Բրիջիտի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ֆրանսիական կառավարության անդամներ, քաղաքացիական հասարակության առաջատար միավորումների ներկայացուցիչներ: Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը, ինչից հետո Էմանուել Մակրոնը շփվել է ահաբեկիչների ձեռքով զոհվածների հարազատների հետ:

Ֆրանսիայի նախագահն իր ելույթի ընթացքում նաև առաջարկել է սահմանել ահաբեկչության զոհերի հիշատակի ազգային օր: Այդ ամսաթիվը, ինչպես նշել է Մակրոնը, հետագա քննարկումների առարկա կդառնա հասարակական կազմակերպությունների հետ:

Պետության ղեկավարը նաև հայտնել Է, որ մինչև տարեվերջ պլանավորում է հիմնել հատուկ կենտրոն, որի աշխատակիցները պատասխանատու կլինեն ահաբեկչական գործողությունների հետևանքով տուժածներին աջակցելու համար, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: