«Լույս» դաշինքի ցուցակը գլխավորող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը չի վերցնի Երևանի ավագանու անդամի մանդատը։ Այդ մասին հայտարարել է ԱԺ ԵԼՔ խմբակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նշենք, որ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն, «Լույս» կուսակցությունների դաշինքը ստացել է ձայների 4,99 տոկոսը։

«Լույս» դաշինքից Երևանի ավագանի կգնան Դավիթ Խաժակյանը, Անի Սամսոնյանը և Անի Խաչատրյանը։

«Մեզ ավագանու անդամի 3 մանդատ է տրվել։ Ուզում եմ օգտվել այս առիթից ու շնորհակալություն հայտնել «Լույս» դաշինքին երևանցիների տված ձայների համար։ Այս ծանր պայմաններում, հետհեղափոխական պայմաններում... սա նորմալ ընտրարշավ չէր, էքստրաօրդինար վիճակ էր երկրում։ «Լույս» դաշինքը, որ ստեղծվել է այս պայմաններում, 20-25 օր առաջ, կարելի է ասել Հայաստանում երրորդ ուժն է։ Մենք լուրջ հայտ ենք ներկայացրել։ Ես շնորհակալ եմ մեր քաղաքացիներին աջակցության համար, կարծում եմ, որ այս ձայները աճող, ոչ թե նվազով ձայներ են», - ասել է Մարուքյանը։

Մարուքյանը հայտարարել է նաև, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները սովորական ընտրություններ չէին, «դա Ազգային ժողովը ցրելու մանդատի վստահության հանրաքվե էր՝ Փաշինյանին վստահության հանրաքվե»։

«Ունենք այն, ինչ ունենք։ Բայց եթե նայենք ռեսուրսներին, տեսեք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ստեղծվել է 15 տարի առաջ, որն իր ռեսուրսներով թիվ մեկ ուժն է, ԲՀԿ-ից հետ ենք երկու մանդատով՝ 5 մանդատ իրենք են, 3 մանդատ՝ մենք, արդյո՞ք մենք պետք է դժգոհենք: Ես կարծում եմ, որ մենք սա պետք է գնահատենք որպես լուրջ ձեռքբերում և շարժվենք առաջ, որովհետև սա խոշորացման ճանապարհ է, և «Լույս» դաշինքը պառլամենտին ընդառաջ, բնականաբար, կոնսոլիդացվող բևեռ կարող է հանդիսանալ, և բազմաթիվ ուժեր կարող են մեզ հետ կոնսոլիդացվել», - հայտարարել է Էդմոն Մարուքյանը: