Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական իրավախախտում կատարելու համար 250 հազար դրամով տուգանել է «Արմօյլ» փակ բաժնետիրական ընկերությանը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Արթուր Գրիգորյանը «Հետք»-ին հայտնել էր, որ Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում գտնվող նավթամթերքի վերամշակման գործարանում խոչընդոտվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչների մուտքը ձեռնարկության տարածք: Տեսուչները այնտեղ էին գնացել ստուգումներ իրականացնելու նպատակով, և նրանց մուտքը ձեռնարկության տարածք խոչընոդտվել էր, ինչի առնչությամբ «Արմօյլ» ընկերության դեմ վարչական իրավախախտման վարույթ էր հարուցվել:

Տեսչական մարմնի վարչական շենքում այսօր վարույթի շրջանականերում նիստ է տեղի ունեցել, որի ընթացքում ըստ Արթուր Գիգորյանի՝ «Արմօյլ»-ի ներկայացրած փաստարկները հիմնավոր չեն եղել, ուստի որոշում է կայացվել ընկերությանը տուգանել:

«Եթե ևս մեկ անգամ խոչընդոտվի տեսչության աշխատանքը, մենք իրավապահ մարմինների հետ կհամագործակցենք, որպեսզի ապահովվի ստուգումների բնականոն ընթացքը», - նշեց տեսչական մարմնի ղեկավարը: