Իրանում տիրող լարված իրավիճակը կարող է թուլացնել Իրան-Արցախ սահմանի վերահսկողությունը
Սեպտեմբերի 22-ին Իրանի Խուզիստան օսթանի (նահանգի) Ախվազ քաղաքում անցկացվող զորահանդեսի ժամանակ ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել։ Սպանվել է 24 մարդ՝ 12 զինվորական, 12 խաղաղ բնակիչ։ Մոտ 50 մարդ վիրավորվել է։ Բոլոր ահաբեկիչները չեզոքացվել են։
Իրանում սկսված տնտեսական անկումը վտանգավոր աստիճանի է հասնում, հաճախակի ցույցեր և բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Վիճակը լրջանում է Սիրիայում պատերազմական գործողություններին մասնակցող զինյալների ֆինանսավորման հսկայական ծախսերի պատճառով։ Իրանը չի կարող դադարեցնել Սիրիային օժանդակությունը՝ առանց կորցնելու իր տարածաշրջանային վարկը և զիջելու աշխարհաքաղաքական դիրքերը։
ԱՄՆ-ի կողմից սկսված տնտեսական պատժամիջոցների պատճառով նավթ արտահանող ծովային փոխադրամիջոցները անջատված ազդանշանային համակարգերով են նավարկում, իսկ նավթի առևտուրը կանխիկ գումարներով է կատարվում։ Ստեղծված վիճակը բավականին լուրջ է և կարող է երկիրը ցնցումների առաջ կանգնեցնել, ինչը լուրջ ապակայունացնող ազդեցություն կարող է ունենալ նաև Արցախի ռազմաճակատում, եթե Իրան-Արցախի սահմանի վերահսկողությունը թուլանա։
Նշենք, որ Ախվազում ճնշող մեծամասնությունը արաբներ են։ Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Սադամ Հուսեյնի ջանքերով Իրանում ստեղծվում են արաբներից կազմված ահաբեկչական խմբավորումներ, մասնավորապես Ախվազի Ազգային Դիմադրության ճակատը, որոնք մինչ այժմ պահպանում են իրենց գոյությունը։ Հենց այդ կազմակերպությունն է գործողության համար պատասխանատվություն ստանձնել։
Իրանը, իր հերթին, այդ պատերազմի ժամանակ աջակցում էր Իրաքի քրդերին ու շիականներին։ 2005թ-ին արաբական ահաբեկչական կազմավորումները Իրանում տեռորիստական մի քանի նշանակալի գործողություններ են իրականացրել։ Ըստ Իրանի պաշտոնական մեղադրանքների՝ այդ կազմակերպությունները ֆինանսավորվում ու ուղղորդվում են Սաուդյան Արաբիայի, Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից։
Հաշվի առնելով Իրանում և ողջ ռեգիոնում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ նման ահաբեկչական գործողությունները կարող են ապակայունացնել նաև Իրանի ներքաղաքական վիճակը։ ԱՄՆ-ի և Իսրայելի հիմնական պահանջն է, որ Իրանը Սիրիայից դուրս բերի իր ազդեցության տակ գտնվող զինյալներին։ Մյուս կողմից, Սիրիայի կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներում ազգագրական կազմի փոփոխություն է կազմակերպվում, մասնավորապես Աֆղանստանից ու Պակիստանից շիա բնակչություն է տեղափոխվում Սիրիա, իսկ ոչ լոյալ սունիներին այդ տարածքներից դուրս են մղում։ Այս գործընթացը Իրանի միջոցներով է կազմակերպում։
Ահաբեկչության կազմակերպման մեջ ԱՄՆ-ին հասցեագրված մեղադրանքներին ի պատասխան՝ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ասել է, որ նման մեղադրանքեր ներկայացնելուց առաջ Իրանը նախ պետք է հայելու մեջ իրեն նայի։ Ըստ նրա՝ ահաբեկչության պատճառներն Իրանը պետք է որոնի իր արատավոր ներքին քաղաքականության մեջ։ Նա ասել է, որ Իրանն իր ժողովրդին հնազանդության մեջ է պահում, փաստորեն մարդու իրավունքների խախտման մեջ է մեղադրել, և որ երկրի ռեսուրսները ուղղվում են ռազմական նպատակների համար։
Միջուկային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը հենց այդ խնդրով էր պայմանավորված, ինչը Թրամփը չէր էլ թաքցնում, երբ ներկայացնում էր պայմանագրից դուրս գալու պատճառները։
Իրանի համար ճակատագրական ընտրություն կատարելու փուլն է մոտենում. կամ զիջել իր աշխարհաքաղաքական դիրքերը, կամ մնալ ներքաղաքական լուրջ ռիսկերի, ինչպես նաև խորացող տնտեսական սանկցիաների տակ։