Մոսկվան ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Ուկրաինան որոշել է չերկարաձգել բարեկամության պայմանագիրը Ռուսաստանի հետ: Այդ մասին այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարարության երկրորդ վարչության ղեկավար Անդրեյ Ռուդենկոն:

«Ուկրաինան որոշել է չերկարաձգել մեծ պայմանագիրը, մենք շատ ենք ափսոսում այդ կապակցությամբ, դա շրջանակային պայմանագիր էր, որը լիցք էր հաղորդում գործող բոլոր մնացած համաձայնություններին», - ասել է Ռուդենկոն, փոխանցում է azatutyun.am-ը։

Երկուշաբթի օրը Մոսկվան Կիևից ստացել է պաշտոնական ծանուցումն այն մասին, որ Ուկրաինան չի երկարաձգելու բարեկամության պայմանագիրը: Ռուդենկոյի փոխանցմամբ, դա նշանակում է, որ գալիք տարվա ապրիլից պայմանագիրն այլևս ուժը կկորցնի:

Նշենք, որ բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին ռուս-ուկրաինական պայմանագիրը ստորագրվել է 1997թ-ի մայիսին և ուժի մեջ է մտել 1999թ-ի ապրիլին: Փաստաթղթում ներառվել է դրույթ, որի համաձայն՝ կողմերի մոտ առարկությունների բացակայության դեպքում պայմանագիրը մեխանիկորեն երկարաձգվում է ևս տասը տարով: Այս տարվա հոկտեմբերին պետք է սպառվեր պայմանագրի երկարաձգման կամ դադարեցման վերաբերյալ ծանուցում հայտնելու ժամկետը: