ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի շրջանակներում շարունակվում են ուսումնասիրվել այդ բնույթի հանցագործությունների բացահայտման, այդ դեպքերի առթիվ հարուցվող քրեական գործերով քննությունների արդյունքներն ու դրա վրա ազդող հանգամանքները: Հայտնում է panorama-ն։

Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ ընթացիկ ուսումնասիրությունները փաստում են, որ 2018թ-ի առաջին ութ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործու­թյունների վերաբերյալ հաղորդումներով նա­խա­պատրաստված 71 նյութերից 55-ով հարուցվել են քրեական գործեր։ Նախորդ՝ 2017թ-ի ողջ տարվա ընթացքում մարզի վարչական տարածքում նախապատրաստվել են 41 նյութեր, որոնցից միայն 18-ով է հարուցվել քրեական գործ: Այսինքն այս տարվա միայն ութ ամիսների ընթացքում հարուցված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քանակն աճել է 37-ով կամ 67 %-ով, ինչին զուգահեռ, ի դեպ, նվազել է մերժված նյութերի թիվը: Նախորդ տարվա մերժված 23 նյութերի դիմաց հաշվետու ժամանակահատվածում մերժվել են 14 նյութ։

Հաշվետու ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով մարզի դատախազության դատախազների հսկողության կամ դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերից դատարան է ուղարկվել 12-ը՝ 20 անձի վերաբերյալ (նախորդ տարի՝ 4 գործ՝ 7 անձի վերաբերյալ):

Այս տվյալները վկայում են, որ ընթացիկ տարում արձանագրվել է քրեական գործերի ոչ միայն քանակական, այլ նաև որակական աճ, ինչը ապահովվել է դատախազական ակտիվ և նախաձեռնողական հսկողության ներքո լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ մեղադրանքների ապացույցների լիարժեքությունն ապահովելու հարցում ցուցաբերված հետևողականության արդյունքում։

Ընդ որում, ընթացիկ տարում էականորեն աճել է նաև կոռուպցիոն բնույթի քրեական գործերով այն անձանց թիվը, ում նկատմամբ հարուցվել և իրականացվել է քրեական հետապնդում: Մասնավորապես` 2018թ-ի ութ ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 73 անձանց նկատմամբ, այն դեպքում, երբ ողջ 2017թ-ի ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը կազմել է 20: