«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնն այս տարի մտադիր է հիշեցնել մոռացության մատնված ու լքված նախկին կինոթատրոնների մասին և ոչ միայն հիշեցնել: Այս անգամ «Սոսե»-ն կանդրադառնա Երևանի «Հայրենիք», Եղեգնաձորի «Արագիլ» և Դիլիջանի չգործող կինոթատրոններին։

«Սոսե» միջազգային կինոփառատոնի այդ նախաձեռնությանը միացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Կինոփառատոնի կազմակերպիչնեը կշրջեն Հայաստանի տարբեր քաղաքներում և տեղի պատասխանատուների հետ կփորձեն միասին լուծել այն խնդիրները, որոնք խոչնդոտում են կինոթատրոններն իրենց բուն նպատակին ծառայեցնելուն։

Սեպտեմբերի 29-ին առաջին կանգառը Դիլիջանն է։ Այստեղ կազմակերպիչներին կմիանան «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի անդամներն ու Դիլիջանի համայնքային կենտրոնը: Տեխնիկական խնդիրները լուծելուց հետո սեպտեմբերի 30-ին, Դիլիջանի կինոթատրոնում նախատեսված է առաջին կինոցուցադրությունը՝ էկրան կբարձրանա Ռոման Ժիգալովի /ՌԴ/ «Անտառ» ֆիլմը։ Դրան կհաջորդեն փառատոնային այլ ֆիլմերի ցուցադրություններ ևս։

Նույն սկզբունքով փառատոնի կազմակերպիչները կայսելեն նաև Եղեգնաձոր։ «Արագիլ» կինոթատրոնի երբեմնի գործունեության մասին կհիշեցնեն հարակից հրապարակում կազմակերպվելիք բացօթյա կինոցուցադրությունների միջոցով։

Սեպտեմբերի 28-ին «Սոսե» հինգերոդ միջազգային կինոփառատոնը կբացվի Երևանի կինոթատրոնում։ Մոտ երկու ամիս՝ ամեն կիրակի, «Հայրենիք» կինոթատրոնում կինոցուցադրություններ կլինեն։

«Սոսե» հինգերորդ միջազգային կինոփառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։