Սեպտեմբերի 20-ին Ծաղկաձորում անցկացվեց խորհրդաժողով՝ «Ֆինանսական դիտարկումների կենտրոնի և քրեական հետապնդում իրականացնող մարմինների համագործակցությունը. ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված գույքի բռնագանձմանն առնչվող որոշ դրույթների իմպլեմենտացումը» թեմայով:

Ինչպես հայտնում է ակադեմիայի մամլո ծառայությունը՝ խորհրդաժողովին մասնակցում էին Արդարադատության ակադեմիայի, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի քաղաքականության մշակմանը մասնակից իրավասու պետական մարմինների ներկայացուցիչներ, դատախազներ, փողերի լվացման և նախորդող հանցագործություններ քննող քննիչներ, հետաքննիչներ, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցներ:

Խորհրդաժողովի մասնակիցներին ողջունեցին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը՝ նշելով, որ Ակադեմիան և ՖԴԿ համատեղ մի քանի ծրագրեր են իրականացնում, և այս հանդիպում-քննարկումը համագործակցության հերթական դրսևորումներից է:

«Մենք փորձում ենք պրակտիկայում առաջացած առավել խնդրահարույց հարցերին համատեղ քննարկումների արդյունքում որոշակի լուծումներ գտնել, առաջարկություններով հանդես գալ: Ավելին՝ քննարկել ենք նաև տարբերակ, որպեսզի մոտ ապագայում ներգրավվենք նաև մեր արտասահմանյան գործընկերներին: Կարծում եմ՝ նման քննարկումների արդյունավետությունը ոչ պակաս բարձր կլինի», - նշեց Սերգեյ Առաքելյանը:

Խորհրդաժողովի ընթացքում քննարկվեցին Ֆինանսական դիտարկումների կենտրոնի և քրեական հետապնդում իրականացնող մարմինների համագործակցությանն առնչվող արդի հարցերը, ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված գույքի բռնագանձմանն առնչվող որոշ ինստիտուտների ներդրման օրենսդրական հնարավորությունները, նպատակահարմարությունը, մեխանիզմները և թեմային առնչվող մի շարք այլ հարցեր: