«Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կհյուրընկալի 22 երկրից ժամանած ավելի քան 250 մասնակցի և հյուրերի։ Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ հյուրի ու մասնակիցների թվում կլինեն հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ Իսպանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Եգիպտոսից, Հունգարիայից, Ճապոնիայից, Լեհաստանից, Իսրայելից, Ղրղզստանից, Բելգիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից: Փոխանցում է Պանորաման։

Նա նշեց, որ երևանյան 13 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 40 ներկայացում:

«Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, տիկնիկային, ֆիզիկական, շարժման, վիզուալ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ», - նշեց Ղուկասյանը։

Փառատոնն ամեն տարի կազմակերպում է նաև հատուկ ծրագիր։

«Այս տարվա հատուկ ծրագիրն է Սանկտ Պետերբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի՝ «Բրոդվեյի հիթեր» ներկայացումը, որն ամբողջությամբ համապատասխանում է բրոդվեյան շոուի բոլոր պահանջներին՝ բալետային հրաշալի համարներ, բոցավառող երաժշտություն, վառ պատկերներ, անակնկալներ և տոնական տրամադրություն: Նշանավոր ներկայացումներից են Գերմանիայի «Ֆաբրիս Մագլիահ» ընկերության՝ «Մամացցա» պարային ներկայացումը», - ներկայացրեց փառատոնի նախագահը։

Արթուր Ղուկասյանի խոսքով՝ փառատոնն այս տարի մի քիչ սխեմայով տարբարեվելու է, առաջին երեք օրը լինելու է լեհական ժամանակակից պարի հարթակ։

«Փառատոնի «Պարարվեստի արևելյան ընկերակցություն» ծրագիրը նպատակ ունի ներկայացնել ժամանակակից պարի ու պարարվեստը՝ ստեղծված լավագույն լեհ արտիստների, ուսուցիչների և մասնագետների կողմից, ում համախմբում է լեհական պարահարթակ 2017թ-ը: Այս ծրագրի շրջանակներում ստեղծվել է հայ-լեհական համատեղ ներկայացում, որը նույնպես կցուցադրվի փառատոնի օրերին: Ծրագրի նպատակն է զարգացնել ժամանակակից պարը Հայաստանում: Այն ունի նաև մեծ կրթական ծրագիր, որը տալիս է հնարավորություն ուսանողներին ունենալ հնարավորություն լրացնել իրենց ակադեմիական կրթությունը», - հավելեց նա։

Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Միհր» թատրոնները։

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը: 16-րդ «Հայ Ֆեստ»-ն այս տարի կրում է «Հայ Ֆեստ՝ անցում դեպի թատերաշխարհ» խորագիրը: