Հայաստանի մարզերում հրատապ խնդիրների լուծման նպատակով Արմավիրի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզպետարաններին կհատկացվի մոտ 83 մլն դրամ կառավարության պահուստային ֆոնդից: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 27-ի նիստի օրակարգում:

Արմավիրի մարզում հրատապության կարգով ներկայացվել է Տալվորիկ համայնքի խմելու ջրի պոմպի և շարժիչի ձեռքբերման ծրագիրը, որի արդյունքում համայնքի բոլոր՝ 50 տնտեսությունը, կունենա անխափան ջրամատակարարում:

Լոռու մարզում ներկայացվել է Սպիտակի թիվ 8 դպրոցի վերանորոգման համաֆինանսավորման նպատակով Սպիտակ համայնքին աջակցության ցուցաբերման ծրագիրը։ Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվել է 83 մլն դրամի կատարված շինարարական աշխատանքները: Անհրաժեշտ է 4 մլն դրամի պետբյուջեից սուբվենցիա: Դպրոցի աշակերտների թիվը 310 է:

Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրի խմելու ջրագծի կառուցման համաֆինանսավորման նպատակով Լոռի Բերդ համայնքին աջակցություն կցուցաբերվի։

Նշվում է, որ Շիրակի մարզի Ամասիա համայնքն ունի բալաբաս ցեղատեսակի ոչխարի բուծման մեծ հնարավորություն: Ներկայումս համայնքն ունի մոտ 10,000 գլուխ ոչխար: Եվրամիության PRDP ծրագրի շրջանակում բրդի վերամշակման արտադրամասի ստեղծման նպատակով Ամասիա համայնքի կողմից տրամադրվել է շենք, որն ունի հիմնանորոգման կարիք: Անհրաժեշտ է իրականացնել կտուրի մասնակի վերանորոգման, դռների և պատուհանների փոխարինման, հատակների բետոնացման և կերամիկական սալիկների տեղադրման, կոյուղագծերի կառուցման, էլեկտրամատակարարման, արտաքին գազաֆիկացման, ջեռուցման համակարգի անցկացման, ներքին հարդարման և շենքի սալվածքի վերականգնման աշխատանքներ:

Բազմաբնակարան շենքերի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքներ ստանալու համար պետական վճարումները կատարելու նպատակով Շիրակի մարզպետարանին կհատկացվի 1,12 մլն գումար։

Տավուշի մարզում հրատապության կարգով ներկայացվել է Իծաքար համայնքին գյուղտեխնիակայի տրամադրման անհրաժեշտությունը։ Գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ է վարող տրակտոր, իսկ Գանձաքար համայնքին՝ խոտ մամլիչ սարք։

Ջերմոցային տնտեսության, թունաքիմիկատների խանութի, տնկարկային տնտեսության, մեքենա-տրակտորային պարկի համաֆինանսավորում UNDP Ծրագրով Այրում համայնքում կկառուցվի՝ ջերմոցաին տնտեսություն, թունաքիմիկատների խանութ, գյուղտեխնիկայի բազա, տնկարանային տնտեսություն. կհատկացվի ընդհանուր՝ 103 մլն դրամի, պետությունը կհատկացնի 20 մլն դրամը:

Ենոքավան համայնքի մանրամասն նախագծման համար կհատկացվի 15 մլն դրամ: