Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ հետևողական օժանդակությունը` ըստ ՀՀ կառավարության առաջնահերթությունների նախաձեռնած արմատական բարեփոխումների: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպման ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց ուղուն, օրենքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և մրցակցային ու բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդմանը: Այդ համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է ԵՄ համընդգրկուն աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին:

Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, նշել է, որ ձայների ավելի քան 80 տոկոսը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին, ինչը նշանակում է նաև հասարակությունը կողմ է քվեարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օգտին: Վարչապետը հավելել է նաև, որ ընտրություններն անցկացվել են ազատ և թափանցիկ, իսկ պարտություն կրած մյուս քաղաքական ուժերը շնորհավորել են հաղթանակ տարած քաղաքական ուժին, ինչը, ըստ Նիկոլ Փաշինյանի, աննախադեպ է Հայաստանում և կարող է դառնալ քաղաքական լավ մշակույթ: Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ առաջիկայում պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցություններ վարել քաղաքական մյուս ուժերի հետ:

Յոհաննես Հանը նշել է, որ Եվրամիությունը հետևողականորեն շարունակելու է Հայաստանի հետ փոխգործակցության խթանմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրով նախատեսված ծրագրերի շրջանակում նպաստելով մեր երկրում ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, օժանդակելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը: