Սեպտեմբերի 23-ին Էրեբունի-Երևանի տոնակատարություններին ընդառաջ և «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում պաշտոնապես բացվել է «Ռուսական արվեստի թանգարանը և նրա ճարտարապետական միջավայրը» խորագիրը կրող ցուցահանդեսը` նվիրված «Կասկադ» պուրակի պատմությանը։ Ռուսական արվեստի թանգարանի այցելուների համար այն բաց կլինի մինչև հոկտեմբերի 1-ը։

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են Ռուսական արվեստի թանգարանը շրջապատող ճարտարապետական միջավայրի, Երևանի ամենագեղեցիկ վայրերից մեկի` «Կասկադի» պուրակի պատմությունը պատկերող 1960-1990-ական թթ-ի բացառիկ լուսանկարներ, ինչպես նաև շենքերի էսքիզներ և նախագծեր, որոնք մինչ այս երբևէ չեն ամփոփվել միասնական ցուցադրությունում։ Միջոցառումը նվիրված է Էրեբունի-Երևանի 2800-ամյակին և հոկտեմբեր ամսին նախատեսվում է կազմակերպել ցուցանմուշների նաև մարզային շրջիկ ցուցադրություններ։