Արագածոտնի մարզի մի քանի համայնքների բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի Արագածոտն գյուղի հատվածը՝ այսպիսով նաև կանգնեցնելով այդ հատվածում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարությունը։

Ցուցարարներին զայրացրել է «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման նախագծում իրենց գյուղերի հատվածում մեքենաների անցումների բացակայությունը։

«Մեր գյուղի մոտ կամուրջ չի կառուցվում, շրջադարձ չկա, պետք է հասնենք Կոշի հատված (9-ից10 կիլոմետր), նոր ետ դառնանք, գանք։ Հիմա իմ ժողովրդի պահանջն էն է՝ մի անցում տան` Երևանից եկող մեքենան մտնի ու դուրս գա», - ասաց Արագածոտն գյուղի գյուղապետ Մելսիկ Ղազարյանը՝ նշելով, որ մարզպետի հետ են նաև այս թեմայի շուրջ զրուցել։ Փոխանցում է Ազատությունը։

Ղազարյանի փոխանցմամբ, մարզպետը մարզպետարանում հանդիպում է առաջարկել, ցուցարարները մերժել են։

«Մարզպետն ասաց թող ժողովուրդը հանդարտվի, ամեն համայնքից չորս ակտիվիստ թող հավաքվեն գյուղապետերի հետ, ԾԻԳ-ի գրասենյակից, տրանսպորտի նախարարությունից, վարչապետի աշխատակազմից հավաքվեն մարզպետարանում՝ գան քննարկելու այդ հարցը։ Բնակիչները չհամաձայնեցին, ասում են` թող իրենք այստեղ գան հանդիպման», - ասաց գյուղապետը։