Փաստաբան Արինա Մեծոյանը խոսել է ամենակարևոր հարցերից մեկի աշխատանքային փորձաշրջանի թույլատրելի ժամկետների մասին։

– Փորձաշրջանը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 91-րդ հոդվածի` աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Փորձաշրջանի մասին պայմանները պետք է սահմանվեն աշխատանքային պայմանագրով:

Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են սույն օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով:

Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում`

1) տասնութ տարին չլրացած անձինք.

2) ընտրովի պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաև պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած կամ գործատուի մոտ կամ գործատուի նախաձեռնությամբ այլ վայրում ուսուցում անցած անձինք:

Փորձաշրջանի ժամկետը չի կարող երեք ամսից ավելի լինել, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Եթե գործատուն գտնում է, որ նախատեսված աշխատանքում (պաշտոնում) աշխատողի համապատասխանության ստուգման նպատակով սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով աշխատողը չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչև փորձաշրջանի ժամկետը լրանալը աշխատողին ազատել աշխատանքից` այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով նրան:

Եթե փորձաշրջանը սահմանվել է աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար, ապա փորձաշրջանի արդյունքները գնահատում է աշխատողը: Փորձաշրջանի ընթացքում աշխատողն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը` այդ մասին երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին:

Եթե փորձաշրջանն անցնելուց հետո աշխատողը շարունակում է աշխատել, ապա նա համարվում է փորձաշրջան անցած, կնքված աշխատանքային պայմանագրի գործողությունը շարունակվում է, և գործատուն կարող է նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծել միայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով: