Ներկայում Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգում գտնվող պատմական Հայաստանի Կյուրին (այժմ՝ Գյուրուն) բնակավայրի հայկական եկեղեցին վերանորոգվելու է: Այս մասին հայտնել է Թուրքիայի Շինարարական հետազոտությունների և հուշարձանների վարչության Սիվասի ղեկավար Օնուր Յըլդաղը:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, վերանորոգման համար նախատեսված 3 միլիոն 984 հազար թուրքական լիրան արդեն փոխանցվել է և 10 օրվա ընթացքում վերանորոգման աշխատանքները կսկսվեն:

Վերանորոգման աշխատանքներին մասնակցելու համար անհատներ էլ են հայտ ներկայացրել: Այդ առիթով Յըլդաղը հայտարարել է, որ իրենք անհատների կողմից դիմումները ընդունելուց և բավարարելուց հետո նրանց դրամաշնորհ են տալիս և հետևում կատարված աշխատանքներին:

Կյուրին բնակավայրը 20-րդ դարի սկզբին ունեցել է ընդհանուր առմամբ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր: Հայերն այստեղ զբաղվել են առևտրով, երկրագործությամբ և արհեստներով: Բնակավայրում կար մեկ քարաշեն հայկական եկեղեցի և մեկ դպրոց: 1915 թ.-ին Կյուրինի հայ բնակչությունը ենթարկվել է ցեղասպանության՝ տարագրվել և բնաջնջվել: