ՀՀ վարչապետին կից Ընտրական օրենսգրքի մշակման հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է վարչապետին կից բարեփոխումների հանձնաժողովի կողմից մշակված Ընտրական նոր օրենսգրքում արված սկզբունքային փոփոխությունները․

- Ռեյտինգային ընտրակարգի վերացում,

- տեղական ինքնակառավարման մարմիններում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում ավագանու, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրություններում կուսակցությունների անցողիկ շեմի՝ 4 ու 6 տոկոսների նվազեցում,

- կուսակցությունների՝ կոալիցիաներ կազմելու ընտրակարգում, նախընտրական քարոզչության ու դրա ֆինանսավորման խաղի կանոնների փոփոխություն:

«Հանում ենք կոալիցիայի ձևավորման սահմանափակումը, այսինքն՝ նախկինում կոալիցիա կարող էր կազմել 3 կուսակցություն և դրա համար ընդամենը 6 օր ուներ, հիմա մենք ժամկետը երկարացնում ենք, քանակական սահմանափակումը հանում ենք», - մանրամասնեց Դանիել Իոաննիսյանը: Փոխանցում է Tert.am-ը։

Հավասարեցվել են ՏԻՄ մարմիններում ու ԱԺ-ում անցողիկության շեմերը, քանի որ գործող Ընտրական օրենսգրքով՝ ԱԺ ընտրություններում կուսակցությունների անցողիկության շեմը կուսակցությունների համար 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7:

«Սրա հիմնավորումն այն է, որ քաղաքական ուժերը երկրի օրենսդիր մարմնում ներկայացված լինեն ավելի համամասնական», - նշեց Ընտրական օրենսգրքի մշակման հանձնաժողովի հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Հարցին, թե արդյոք դրա հետևանքով Ազգային ժողովում չեն կարող ներկայացված լինել պատահական, «անկապ» քաղաքական ուժեր, Դանիել Իոաննիսյանն ասաց.

«Եթե ազատ, արդար ընտրությունների արդյունքում բնակչության 4 տոկոսի ձայներն է ստանում որևէ քաղաքական ուժ, ապա այն չի կարող անկապ կամ պատահական լինել և իրավունք ունի ներկայացված լինելու ԱԺ-ում՝ լինելով հանրության մի ծանրակշիռ հատվածի ներկայուցիչը:

Նշենք, որ երեկ ավարտուն տեսքի է բերվել Ընտրական նոր օրենսգրքի հայեցակարգը, որն այսօր կհաստատվի վարչապետին կից բարեփոխումների հանձնաժողովի կողմից, ապա, հրապարակումից հետո, կներկայացվի հանրության դատին:

Երկուշաբթի կհրապարակվի, դրա հիման վրա արդեն շատ շուտով կներկայացնենք նախագիծ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում խորհրդարանական ուժերի մասնակցությամբ ԸՕ քննարկումներ էին արվում: