ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանն ուղղված կառավարության որոշմանը:

Վարչապետը նշել է, որ այժմ, ի տարբերություն նախորդ տարիների, ծրագրից կարող են օգտվել նաև այն ամուսինները, որոնց տարիքների գումարը չի գերազանցում 70-ը. նախկինում այդ թիվը 65-ն էր։

Ծրագրի շահառուների համար երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բնակարանի (բնակելի տան) ձեռբերման համար հիփոթեքային վարկ կտրամադրվի առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 9,5%-ով, որից 2%-ը կսուբսիդավորի պետությունը, այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կկազմի առավելագույնը 7,5%:

Վարչապետը նշել է նաև, որ փոխվել է բնակարանի կանխավճարը մուծելու ձևը․ նախկինում վճարվում էր գնվող բնակարանի արժեքի 30%-ը, իսկ այժմ շահառուները կկարողանան վճարել 10%-ը կանխիկ` նախավճարի մնացած մասի համար ստանալով ապահովագրական երաշխիք։

Նրա խոսքով, միաժամանակ, նախատեսված է, որ նորակառույց շենքում բնակարան գնելու նվազագույն արժեքը կարող է հասնել 30 մլն դրամի, իսկ երկրորդային բնակարանի գնման դեպքում` 25 մլն դրամի։