Երևանի ավագանու ընտրություններն առաջին քայլն են ընտրական գործընթացի արմատական բարելավման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ շնորհավորելով Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները Սահմանադրական նորմերին և սկզբունքներին համահունչ իրականացնելու առթիվ:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները: Սա Նոր Հայաստանի առաջին քայլն է ընտրական գործընթացի արմատական բարելավման ուղղությամբ, որը հիմք կարող է ծառայել հաջորդ ընտրությունները հանրային վստահության առավել համերաշխ մթնոլորտում անցկացնելու համար։ Այս առումով բարձր եմ գնահատում մրցակից դաշինքների և կուսակցությունների, ինչպես նաև ընտրությանը չմասնակցած քաղաքական ուժերի կեցվածքը, որոնք ընդունեցին ընտրության արդյունքները և շնորհավորեցին հաղթած ուժին։

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի բարձր ցուցանիշները մեծ պատասխանատվություն են դնում նրա ղեկավարների, մասնավորապես՝ ապագա քաղաքապետի վրա: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և «Լույս» կուսակցությունների դաշինքին նույնպես սպասվում է լուրջ և ծավալուն աշխատանք ավագանու ներսում՝ ապահովելու համար կարծիքների բազմազանությունն ու հավասարակշռությունը», - ասվում է նախագահի ուղերձում:

Արմեն Սարգսյանը մաղթել է Երևանի նոր իշխանություններին արդյունավետ աշխատանք՝ հանուն մայրաքաղաքի շենացման և նրա բնակիչների բարեկեցության աճի: