Իրանի զինված ուժերը հրթիռակոծել են Ահվազում զորահանդեսի ժամանակ իրականացված ահաբեկչության կազմակերպիչներին և նրանց օբյեկտները Եփրատի արևելյան ափին՝ Սիրիայում:

Հրթիռային հարվածները հասցրել է Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի օդատիեզերական դիվիզիան: Արդյունքում ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ, կան տուժածներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ահաբեկչությունն Ահվազում տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին, երբ անհայտ գրոհայինները մոտ 10 րոպե կրակել են հավաքված մարդկանց վրա Իրանի հարավային Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ: Գրոհայինները ռազմական համազգեստով են եղել: Առնվազն 24 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի:

Ահվազում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ահվազի հայրենասիրական արաբական ժողովրդավարական շարժումը», որը կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ: Ավելի ուշ կատարվածի համար պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետությունը»: