DISQO-ն ՏՏ ոլորտի ամերիկյան առաջատար ընկերություն է, որը, ստանալով 13.5 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, նոր մասնաճյուղ է հիմնում Հայաստանում: Այն աշխարհում առաջատարն է սպառողների առաջնային տվյալների հավաքագրման ու հետազոտության ոլորտում: Ազգությամբ հայ հիմնադիրները զարգացման նոր փուլում տեխնիկական թիմը համալրում են հայաստանյան ավագ մասնագետներով՝ գնահատելով տեղի կադրերի նորարարական պոտենցիալն ու տաղանդը: Ներկայիս թափուր աշխատատեղերը ներկայացված են պաշտոնական կայքում՝ www.disqo.com/careers/: Առաջին փուլով DISQO-ն կհամալրվի 30 ավագ մասնագետով:

Ընկերության համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Դրո Քուչարյանը, ով ունի 20 տարվա փորձ որպես տեխնիկական տնօրեն, ձեռնարկատեր, խորհրդատու և ներդրող, շուտով կժամանի Հայաստան՝ անձամբ ծանոթանալու ՏՏ համայնքի և թիմի նոր անդամների հետ: Ավելին, Դ. Քուչարյանն այստեղ կանցկացնի խորացված դասեր, հանդիպումներ և փորձի փոխանակում, որոնցից ամենախոշորը տեղի կունենա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ հոկտեմների 18-ին՝ ժ. 19:00-ին:

Նշենք, որ DISQO-ն Հայաստանում ստեղծում է հիմնական մասնաճյուղ՝ արտապատվերային (outsource) թիմի փոխարեն: Սա նշանակում է, որ ընկերությունը կրկնապատկում է իր պոտենցիալը և ուժերը նոր մեծամասշտաբ հետազոտական նախագծերի համար: Հայաստանյան թիմը կշարունակի աշխատել ներկայիս հաճախորդների, ընկերությունների ու կազմակերպությունների հետ, որոնք աշխարհում խոշորագույնն են և ընդգրկված են Fortune 500-ի ցանկում:

Ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանը նշում է.

«Ոգևորիչ է այն փաստը, որ սա DISQO-ի՝ ԱՄՆ-ից դուրս գտնվող առաջին հիմնական գրասենյակն է, որը հիմնվել է առաջին խոշոր ֆինանսական ներդրման արդյունքում։ Սրանք դեռ ընկերության առաջին քայլերն են, բայց հեռանկարներ կան ավելի ընդարձակվելու, քանի որ արդեն կրկնակի թափով ենք աշխատելու երկու հավասարապես հզոր թիմերով»:

Ընկերության հայաստանյան գրասենյակը պաշտոնապես կգործի հոկտեմբեր ամսից Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:

Նշենք, որ DISQO-ն հիմնադրվել է Լոս-Անջելեսում 2015թ.-ին՝ ազգությամբ հայ գործարարների կողմից՝ Արմեն Աճեմյանի (գործադիր տնօրեն), Դրո Քուչարյանի (տեխնիկական տնօրեն), Արմեն Պետրոսյանի (մարքեթինգի տնօրեն): Այն սպառողներից ուղղակիորեն (first-hand) հավաքագրած ստույգ տվյալներ է տրամադրում աշխարհի խոշորագույն մարքեթինգային ու հետազոտական ընկերություններին: Դրանց օգնությամբ հնարավոր է դառնում բացահայտել սպառողի վարքագիծը, ապահովել ապրանքների ճիշտ դիրքավորումը և բրենդի առաջխաղացումը:Ընկերությունն առաջատարն է ոլորտում և ստեղծել է սպառողների հետազոտության միասնական հարթակ, որ ներգրավում է մարդկանց՝ որպես սպառող տվյալների փոխանակման համար: Այստեղ իրականացվում են տարեկան 10 միլիոնից ավելի հարցումներ: