Ժնևի բանակցությունները կարող են բերել «Բաշար Ասադից և նրա ընտանիքից ազատ» Սիրիայի ստեղծման: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի և Մուսկվայի տրամախաչվող շահերի ակներև օրինակը Սիրիան է: Թիլերսոնն ասել է, թե ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՌԴ-ն կօժանդակի ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող ժնևյան գործընթացին:

«Մենք համոզված ենք, որ այդ բանակցությունների իրագործումը կհանգեցնի այնպիսի Սիրիայի ստեղծման, որն ազատ է Բաշար Ասադից ու նրա ընտանիքից»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Ժնևում միջսիրիական բանակցությունների ութերորդ փուլը, որը շարունակվել է ռեկորդային երեք շաբաթ, ավարտվել է դեկտեմբերի 14-ին կողմերի փոխադարձ մեղադրանքներով: Ի հեճուկս մեծ ակնկալիքների, հանդիպումը տեսանելի արդյունքներ չի բերել, կառավարության և միացյալ ընդդիմության պատվիրակությունների միջև ուղղակի բանակցություններն այդպես էլ չի հաջողվել սկսել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: