Տաշիրի համայնքապետարանի տվյալներով` քաղաքի մոտ 44 տոկոսը ապահովված չէ կոյուղու ցանցով, իսկ առկա կոյուղագծերի 50 տոկոսը մաշված է: Կոյուղագծեր ունեցող թաղամասերի կոյուղաջրերը, խողովակներով իրար միանալով, թափվում են Տաշիր գետը, որտեղից էլ` Ձորագետ, այնուհետ՝ Դեբեդ: Տաշիր գետը հոսում է քաղաքի երկայնքով: Այն հատվածում, որտեղ փողոցների կոյուղաջրերը թափվում են գետը, տեղակայված են բնակելի տներ:

«Խոլերիայի բուն, հոտից մեռնում ենք: Չենք կարողանում նստել դրսում: Պատուհանը բացում ենք, հոտը լցվում է ներս», - ասում է բնակիչներից մեկն՝ Աստղիկ Ղազարյանը, ով բնակվում է Իսահակյան փողոցում:

Վերոնշյալ փողոցում երբևէ կոյուղաջրերի ստորգետնյա համակարգ չի եղել: Բնակիչների սեփական տների կողքով առու է հոսում, որտեղ էլ թափվում են մի շարք փողոցների կոյուղաջրեր: Որոշ տների դեպքում առուն հոսում է բակերի միջով: Աստղիկ Ղազարյանի տան կողքի առվով հոսում են ոչ միայն բնակելի տների կոյուղաջրերը, այլև` անասնագոմերի կեղտը: Նա այստեղ է բնակվում 1950թ-ից: Նա նշում է նաև, որ փողոցը երբևէ կոյուղի չի ունեցել, կոյուղագծեր անցկացնելու համար բազմիցս դիմել են համայնքապետերին, սակայն ապարդյուն: Բնակիչներին հայտնել են, որ ֆինանսական միջոցներ չկան, և նրանք իրենց միջոցներով պետք է կոյուղագծեր անցկացնեն:

Իսահակյան փողոցում ապրող բնակիչների համար իրավիճակն առավելապես սրվում է հատկապես ամռանը, պարտադրված են լինում փակել տան դռներն ու պատուհանները, որպեսզի կարողանան գարշահոտությանը դիմանալ: Հորդառատ անձրևի ժամանակ առուն վարարում է, և կեղտաջրերը լցվում են բնակիչների տան առաջին հարկը: Գետը թափվող կոյուղաջրերի պատճառով սանիտարական վիճակը հասել է ծայրահեղ վիճակի:

Տաշիրում կոյուղագիծ կառուցելու նախահաշիվ համայնքապետարանը չունի: Սակայն քաղաքապետարանի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի մոտավոր հաշվարկներով՝ 21,6 կմ կոյուղագիծ կառուցելու համար անհրաժեշտ կլինի մոտ 850 մլն դրամ կամ 1,7 մլն դոլարից ավելի:

Քաղաքի կոյուղագծերը և ջրագծերը 2017թ-ին հանձնվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին: «Վեոլիա ջուր» ընկերությունը գրավոր հարցմանն ի պատասխան` հայտնել է, որ 2017-2018թթ. վերանորոգման աշխատանքներ կատարելիս Տաշիրում փոխարինվել է մոտ 170 գծամետր կոյուղու խողովակ։

Ընկերության փոխանցմամբ՝ ջրատար և կոյուղատար ցանցի ընդլայնման պարտավորություն իրենց ընկերությունը չունի: Իսկ վթարված կոյուղագծերի դեպքում կատարվում են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ, սակայն նոր կոյուղագծերի կառուցման ծրագրեր չունեն: