ՀՀ վարչապետի տիկին, «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այս օրերին գտնվում է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում, որտեղ մասնակցում է Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին: Երեկ գագաթնաժողովի բացմանը Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել։ Գագաթնաժողովի շրջանակներում Աննա Հակոբյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել՝ քննարկելու Հայաստանում ուռուցքաբանության զարգացման հնարավոր ծրագրեր:

Գագաթնաժողովին Հայաստանից մասնակցում են նաև Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը և ուռուցքաբան-քիմիաթերապևտ Դավիթ Զոհրաբյանը:

Վարչապետի տիկինն իր ելույթում մասնավորապես նշել է.

«Ի՞նչ եմ ես հասկացել այս կարճ ժամանակահատվածում՝ այն պահից, երբ դարձա մեր երկրում քաղցկեղի ամենախոշոր հիմնադրամի՝ «Սիթի օֆ սմայլի» նախագահ: Ես բացահայտեցի, որ քաղցկեղը սարսափելի չէ, քաղցկեղը կառավարելու, նրան հաղթելու համար անհրաժեշտ են ընդամենը ֆինանսական ռեսուրսներ, բարի կամք և վճռականություն, որովհետև գիտությունն ու բժշկությունը մնացածն արդեն արել են, այսինքն՝ գտել են այս հիվանդության հաղթահարման բազմաթիվ բանալիներ և անընդհատ շարունակում են կատարելագործել դրանք: Ես հասկացա, որ կան մարդիկ, որոնք ջանք չեն խնայում անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները հայթայթելու և ուղղորդելու համար»։

Նա ընդգծել է, որ այնուամենայնիվ, աշխարհի շատ երկրներում այս հիվանդությունը շարունակում է դատավճիռ լինել, քաղցկեղով հիվանդ երեխաները շարունակում են մահանալ:

«Մենք ունենք երկրներ՝ հարուստ և զարգացած երկրներ, որտեղ քաղցկեղից մանկական մահացությունը 20 տոկոս է կազմում, և ունենք երկրներ, որտեղ 80-90 տոկոս է կազմում: Ահա սա այն վիճակագրությունն է, որ իմ կարծիքով պետք է օր առաջ փոխվի: Քաղցկեղով հիվանդացած երեխան մեղավոր չէ, որ չի ծնվել Շվեյցարիայում, ԱՄՆ-ում կամ Մեծ Բրիտանիայում, որ կարողանա հաղթահարել իր հիվանդությունը և չդատապարտվել մահվան: Իմ խորին համոզմամբ՝ աշխարհում կան բավարար չափով ֆինանսական ռեսուրսներ, որոնք կբավարարեն բոլորին և յուրաքանչյուրին՝ անկախ այն բանից, թե որ երկրում է հիվանդը գտնվում: Պետք է ընդամենը կենտրոնացնել այդ միջոցները և կամք ունենալ դրանք ճիշտ և հավասար բաշխելու:

Իհարկե՝ դա հեշտ չէ, ահռելի աշխատանք է, բայց դա նաև մեր այսօրվա հավաքի իմաստն ու նպատակն է: Իմ կարծիքով՝ ամենակարճ ճանապարհը քաղցկեղի առաջնակարգ կենտրոնների ծածկույթի և աշխարհագրության ընդլայնումն ու այդ ծառայությունների հասանելիության ապահովումն է աշխարհի բոլոր անկյուններում ապրող մարդկանց համար: Այնպիսի կենտրոններ՝ ինչպիսիք են Հարվարդում կամ Օքսֆորդում են, չպետք է լինեն մեկը կամ երկուսը, այլ պետք է հիմնադրվեն բոլոր տարածաշրջաններում՝ այդ տարածաշրջանների բոլոր հիվանդներին հասանելի դառնալու և նրանց համապատասխան, որակյալ ծառայություններ մատուցելու համար:
Մենք Հայաստանում ձգտում ենք ահա այդպիսի կենտրոն ստեղծելուն՝ սպասարկելու ոչ միայն մեր երկրի բնակիչներին, այլ՝ ողջ տարածաշրջանի: Մենք, իհարկե, չենք կարող դա անել առանց ձեր աջակցության, բայց ուզում եմ նաև վստահեցնել, որ ունենք բավարար կամք՝ ձեզ համոզելու, ձեր աջակցությունը ստանալու և բարձր մակարդակով այդ խնդիրը լուծելու համար: Վերջին տարիներին արդեն Հայաստանում մեծ քայլեր են արվել քաղցկեղի հաղթահարման ուղղությամբ: Մեր երկրում մանկական քաղցկեղից մահացությունը 90 տոկոսից նվազել է՝ հասնելով 30 տոկոսի: Եվ մենք կարող ենք այս ցուցանիշներն է՛լ ավելի բարելավել ու համանման առաջընթաց արձանագրել ամբողջ տարածաշրջանում։

Տիկնայք և պարոնայք, իմ երկրում ինձ սպասում են հարյուրավոր քաղցկեղով հիվանդ երեխաներ և մեծահասակներ, և ես շատ եմ ուզում նրանց մոտ վերադառնալ լուրով, որ մենք կարող ենք նրանց օգնել հնարավորինս թեթև տանել հիվանդության ընթացքը, վերջնականապես հաղթահարել այն և լիարժեքորեն ինտեգրվել հանրային կյանքին: Ես շատ եմ ուզում նաև առաջինը հայտնել, որ այնպիսի հիվանդանոց կամ կենտրոն, ինչպիսին Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցն է (St. Jude Children’s Research Hospital) կամ Հուսեին թագավորի քաղցկեղի կենտրոնը (King Hussein Cancer Center), կհիմնվի նաև մեր տարածաշրջանում, և մարդիկ, որոնց դուռը երբևէ կթակի այդ հիվանդությունը, հնարավորություն կունենան բուժվելու և սպասարկվելու ճիշտ այնպես, ինչպես հարուստ ու զարգացած երկրների քաղաքացիները»։

Աննա Հակոբյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է քաղցկեղի համաշխարհային համայնքի ամենաակտիվ դերակատարներից մեկը լինել և նպաստել այս հիվանդության բուժումը բոլորին հասանելի դարձնելու մեծ գործին: