Արևմտյան Հայաստանի հայկական գյուղերում բնակվող հայերը ցանկանում են, որ մկրտվողները, հարսն ու փեսան իրենց պսակադրությանը հայ քահանայի օրհնությունը ստանան։ Սակայն անիրականանալի ցանկություն է։

Պոլսո Հայոց պատրիարքությունը պետք է իր բոլոր հետևորդների ցանկությունը կատարի, ցանկության դեպքում նաև քահանա ուղարկի։ Բայց պետական խոչընդոտներից բացի, հանդիպում են նաև Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի «դիմադրությանը»։

«Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության անդամ, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, ով հաճախ է լինում Արևմտյան Հայաստանում, Panorama.am-ի հետ զրույցում ասաց.

«Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ամեն ինչ անում է, որ դա տեղի չունենա, որովհետև ինքն իզուր դրամներ պետք է ծախսի։ Ըստ իրեն, Ստամբուլից քահանաներ ուղարկելը բավականին լուրջ ծախսերի հետ է կապված։ Մինչդեռ գործող եկեղեցի ունենք, սուրբ Կիրակոսը, եթե այնտեղ ունենային մշտապես գործող քահանաներ, նրանք էլ ուղղակի կգնային։

Առանց այդ էլ մնացած բոլոր պետական խոչընդոտներին գումարվում են ֆինանսական ծախսերը, որը որ դառնում է անիրականանալի։ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահը ոչինչ չի անում, ընդհակառակը, սրբորեն կատարում է իսլամական կառույցների պատվերները, երևի»։

Ա. Ախոյանի խոսքով, շատ են այն մարդիկ, ովքեր ցանկանում են ստանալ հայ քահանայի օրհնությունը։ Խնդրանքով դիմել են նաև իրենց։

«Անցած տարի Կախթայում էինք, խնդրեցին որ գոնե մի քահանա լինի, որ չգնան ասորական եկեղեցի, չնայած խնդիր չկա։ Կախթա հայ համայնք ներկայացուցիչներն ասացին, որ Աթեշյանը մեզ իր գիրկը չառավ»,- նշեց նա։