Մակեդոնիայի Հանրապետության վերանվանման մասին Հունաստանի հետ միջկառավարական պայմանագրի ստորագրման հարցի շուրջ հանրաքվեն, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին, ճանաչվել է չկայացած: Այդ մասին Սկոպիեում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Պետական ընտրական հանձնաժողովի (ՊԸՀ) նախագահ Օլիվեր Դերկոսկին բոլոր քվեաթերթիկների հաշվումից հետո:

«2018թ-ի հանրաքվեում քվեարկության հաստատված արդյունքի համաձայն, որոշում չի ընդունվել, քանի որ չի քվեարկել ընտրացուցակներում նշված ընտրողների ընդհանուր թվի կեսը», - նշել է նա:

ՊԸՀ-ի ղեկավարը հայտնել է, որ հանրաքվեում քվեարկության արդյունքները «Ծառայողական լրաբերում» կհրապարակվեն դրա անցկացման օրվանից 15 օրվա ընթացքում: Դրանք նաև կուղարկվեն Մակեդոնիայի Հանրապետության խորհրդարան և միաժամանակ կհրապարակվեն ընտրական հանձնաժողովի կայքում: ՊԸՀ-ի տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 36,91 տոկոս: Հունաստանի հետ միջկառավարական պայմանագրի օգտին հանդես է եկել քվեարկածների ընդհանուր թվի 91,46 տոկոսը (ավելի քան 609 հազար քաղաքացի), դեմ՝ 5,65 տոկոսը:

Սեպտեմբերի 30-ի հանրաքվեում քաղաքացիներին առաջարկվել էր պատասխանել մեկ հարցի՝

«Պաշտպանու՞մ եք դուք արդյոք անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին՝ ընդունելով Մակեդոնիայի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև համաձայնագիրը», - հաղորդել է ՏԱՍՍ-ը: