«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ամերիկյան առաջատար «Ադվենտիստ Հելս» («Adventist Health Glendale») բժշկական կենտրոնի բժիշկները սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 4-ը Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կիրականացնեն անվճար հետազոտություններ և վիրահատություններ:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ առաքելության շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած բժիշկների խումբը կիրականացնի ընդհանուր և անոթային վիրաբուժական, ակնաբուժական, կատարակտ, վնասվածքային օրթոպեդիկ (ծնկան հոդի էնդոպրոթեզավորում, ծնկան հոդի և ուսային հոդի արթրոսկոպիա, ինվազիվ նյարդային (պարանոցի անոթներ)), ինվազիվ սրտաբանական միջամտություններ, էնդոսկոպիա և կոլոնոսկոպիա, գինեկոլոգիական վիրահատություններ:

Իր խոսքում «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի գործադիր տնօրեն Արմեն Խաչատրյանը նշել է, որ շուրջ երեք ամիս է` Արցախի բժիշկները տեսակապ են հաստատել ժամանած հյուրերի հետ, և այդ ընթացքում նախապես ներկայացվել են գրանցված հիվանդների ցուցակը:

«Ծրագրով նախատեսված է, ընդհանուր առմամբ, կատարել մոտ 220-240 վիրահատություն, որոնցից 70-ը՝աչքի, 20-25-ը՝ ընդհանուր վիրաբուժական, 16-ը՝ հոդի և այլն, ինչպես նաև 13 սրտի և գլխուղեղի հետ կապված հետազոտություններ՝ անգիոգրաֆիկ բաժանմունքում: Ինչքանով կկարողանանք այս ծավալի վիրահատություններն իրականացնել, ցույց կտա ժամանակը: Բերվել է մոտ 240 000 դոլարի սարքավորում և 80 000 դոլարի դեղորայք ու բժշկական պարագաներ», - ասել է Ա. Խաչատրյանը:

Արցախում առաջին անգամ ժամանած բժիշկները կկատարեն գլխի անգիոգրաֆիկ հետազոտություն: Եվ եթե նախապես գրանցված բոլոր հիվանդների վիրահատություններն ու հետազոտությունները նշված ժամկետներում չարվեն, ապա հոկտեմբերից 6-ին Ֆրեզնոյից ժամանելու է բժիշկների ևս մեկ խումբ, որտեղ կան համապատասխան մասնագետներ, ովքեր և կկատարեն բժշկական միջամտություն:

«Ադվենտիստ Հելս» («Adventist Health Glendale») բժշկական կենտրոնի դեղագետ Ռոմիկ Իսկանդարյանն էլ նշել է, որ արդեն չորրորդ տարին է, ինչ ծրագրի շրջանակներում այցելում են Հայաստան:

«Ադվենտիստ Հելս» («Adventist Health Glendale») բժշկական կենտրոնի ինտերվենցիոնալ նյարդաբանության բաժանմունքի տնօրեն, ինտերվենցիոնալ նյարդաբույժ Միքայել Գրիգորյանն էլ նշել է, որ առաջին անգամ Արցախում իրականացվել է քնային զարկերակի ստենդավորում:

«Վիրահատությունները, որոնք կատարվել են այսօր, Արցախի պատմության մեջ առաջին անգամ են իրականացվել: Բացի դրանցից, ծրագրի շրջանակներում փորձելու ենք օգտակար լինել նաև տեղացի բժիշկներին, ինչպես նաև օգնելու մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք ևս հնարավորություն ունենան բուժվելու ժամանակակից մեթոդներով: Այստեղ կա հմուտ և գրագետ ինտերվենցիոնալ սրտաբանների թիմ, որին մենք փոխանցում ենք հավելյալ գիտելիքներ, որպեսզի նրանք նույն հաջողությամբ կարողանան պարանոցի և գլխուղեղի շրջանի հիվանդությունները բուժել: Առաջիկա երկու օրերի ընթացքում պլանավորում ենք ևս մի քանի վիրահատություն իրականացնել», - ավելացրել է Մ. Գրիգորյանը:

Իսկ ակնաբույժ-վիրաբույժ Միրելլե Համփարյանը նշել է, որ վիրահատություններն ընթանում են հաջող կերպով:

«Այսօր ունենք մոտ 10 վիրահատություն: Դրանք պարզ վիրահատություններ չեն, սակայն հույս ունեմ, որ տեղի բժիշկների օգնությամբ դրանք կավարտվեն հաջողությամբ: Կարծում եմ՝ ծրագիրը կկրի շարունակական բնույթ՝ հնարավորություն տալով առաջիկա տարիներին կրկին օգտակար լինելու մեր հայրենակիցներին»,- ավելացրել է Մ. Համփարյանը: