Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից ազատվել են ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական վեց նախարարները:

Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ հայտարարել էր, որ նախագահին առաջարկել է աշխատանքից ազատել ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։

Մասնավարպես, աշխատանքից ազատվել են՝

- տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը (ԲՀԿ),

- տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ),

- սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը (ԲՀԿ),

- արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ),

- գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը (ՀՅԴ),

- էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը (ԲՀԿ):

Իսկ ահա ԲՀԿ-ի կողմից առաջադրված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ ցանկանում է մնալ և աշխատել կառավարությունում։

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին, 67 կողմ ձայներով ԱԺ-ն ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն, ըստ Նիկոլ Փաշինյանի և «Ելք»-ի պատգամավորների թույլ կտա խափանել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ վարչապետի հրաժարականից հետո: Օրինագծին կողմ են քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։

Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիները հավաքվել էին ԱԺ շենքի մոտ և շրջափակել այն: Վարչապետը ԱԺ քաղաքական ուժերի հետ արտահերթ ընտրությունների հարցով բանակցությունները կշարունակի հոկտեմբերի 3-ին։