Ազգային ժողովում մեկնարկել է չորրորդ նստաշրջանի հերթական նիստը: Այսօր կայանալու է ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագծի քվեարկությունը: Նախագիծն առաջարկել է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը, համաձայն օրակարգի, ևս պետք է կայանար հոկտեմբերի 3-ի նիստի ընթացքում, սակայն ՀՀԿ-ի հրավերով հոկտեմբերի 2-ին ժամը 19:30-ին հրավիրված արտահերթ նիստում նախագիծն ընդունվեց 67 կողմ ձայնով: Կողմ էին քվեարկել ՀՀԿ-ի, Ծառուկյան դաշինքի և ՀՅԴ-ի պատգամավորները: