Հոկտեմբերի 2-ի գիշերը ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Հանրապետական» խմբակցության միջև եղած հանդիպմանը ՀՀԿ-ն համաձայնվել է վարչապետի թեկնածու չառաջարկել, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն 2019թ-ի մայիսին. «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, հայտնել է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Փաշինյանը մերժել է այդ առաջարկը և հայտարարել, որ պատրաստ է բանակցել ամեն ինչի շուրջ՝ բացի դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակից, և որ իր այդ պահանջը անփոփոխ է:

Աշոտյանն ասել է, որ վարչապետի հետ խորհրդարանական ուժերի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվել չէր կարող, քանի որ տեղի ունեցածը բանակցություններ չէին: Ըստ Աշոտյանի՝ Փաշինյանն ընդամենը եկել էր իրազակելու իր որոշման մասին, որ ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին, և նա ծրագրել է իր բոլոր քայլերը, որպեսզի ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին։

«Իսկ երեկ խորհրդարանի ընդունած՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը, ըստ հանրապետական պատգամավորի, ընդամենը պատրվակ էր Փաշինյանի համար՝ իր քաղաքական նպատակների իրագործումը ավելի արագացնելու», - ասել է նա:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան ՀՀԿ-ն փոփոխություններ է ներկայացրել նույն օրն առաջին ընթերցմամբ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագծում, իսկ հոկտեմբերի 2-ի երեկոյան գումարված արտահերթ նիստում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կողմ են քվեարկել դրան։ «Հակահեղափոխական» որակված օրենքն, ըստ էության, սահմանում է, որ եթե ԱԺ նիստը չի կայանում, այն կարող է համարվել հետաձգված, ոչ թե չկայացած, ինչը փաստացի կարող է տապալել Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերը։ Փաշինյանն ի պատասխան ազատեց աշխատանքից ՀՅԴ ու ԲՀԿ նախարարներին ու մարզպետներին, խոստանալով հրաժարական տալ և անցկացնել ընտրություններ դեկտեմբերի առաջին կեսին։