«Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնել ՀՀ Ազգային Ժողովում ստեղծված իրավիճակի շուրջ։

«Լինելով ժողովրդի մեջ՝ ևս մեկ անգամ պնդում ենք անհապաղ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը», - նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի ուշ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ԱԺ-ից, ուր բանակցում էր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ «հակահեղափոխական» նախագծի ընդունումից հետո։

«3 խմբակցությունն էլ՝ (ՀՅԴ, ՀՀԿ, ԾԴ) ասացին, որ անկախ հուշագրից ոչ առաջին, ոչ 2-րդ փուլում չեն առաջադրելու վարչապետի թեկնածու», - ասել է Փաշինյանը՝ նշելով, որ դա իր տպավորությունն է, ու եթե սխալ է հասկացել՝ թող խմբակցությունները մեկնաբանություն անեն։

Ավելի վաղ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը և Անդրանիկ Հարությունյանը «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագծում խորհրդարանի կողմից երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում ԱԺ լուծարումը խոչընդոտող դրույթն ավելացրել են երկրորդ ընթերցմանը նախորդող օրվա ուշ երեկոյան՝ նախապես հստակ մտադրություն ունենալով այն արագ անցկացնել:

Դրանից հետո, վարչապետը կոչով դիմել է ժողովրդին համախմբել ԱԺ-ի շենքի մոտ՝ ընդդեմ նախագծի ընդունման և խորհրդարանը ցրելու պահանջով: Նախագիծը սակայն հապճեպ ընդունվել է, ինչից հետո բազամահազարանոց բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիները շրջափակել են խորհրադարնի շենքը՝ արգելափակելով պատգամավորենրի ելումուտը: