Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և Երևան վերադառնալուն պես խորհրդակցություններ կնախաձեռնի կառավարության և ԱԺ ղեկավարության հետ:

Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը։

Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երևան վերադառնալուն պես:

Նախագահը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ և համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է և պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ բանակցության և երկխոսության ճանապարհով, հայտնում է panarmenian.net-ը:

Միացյալ Նահանգներից Հանրապետության նախագահը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին։