«Երեկ մենք ԱԺ նախագահի աշխատասենյակում քննարկել ենք բազմաթիվ գաղափարներ՝ հանդարտ, ջերմ, ընկերական մթնոլորտում։ Քննարկումների արդյունքում վարչապետը տեղեկացրել է, որ պետք է տեղի ունենան ԱԺ արտահերթ ընտրություններ։ Մեր մյուս խմբակցությունների ներկայացուցիչները պնդում էին, որ իրենք համաձայն են խորհրդարանի ցրմանը, սակայն ընտրությունները պետք է տեղի ուենան մայիս ամսին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Քննարկումներ են եղել նաև Ընտրական օրենսգրքի, այլ փոփոխությունների մասին, և վարչապետն ասաց, որ պատրաստ են այս օրերի ընթացքում նաև ԸՕ-ն ընդունել։ Ընդհանուր կոնսենսուս չեղավ։ Պայմանավորվածություն կա, որ շփումները պետք է շարունակվեն»,- ասաց նա։

Էդմոն Մարուքյանի խոսքով, մի քանի դրվագներում շեշտվել է, որ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։

«Մի քանի անգամ շեշտվել է, բայց չկա հուշագիր և դա, բնականաբար, բանավոր խոսակցությունների մակարդակում է։ ԸՕ-ն չի ընդունվել և եթե գոնե մեկ ամսվա մեջ չընդունվի, ընտրությունների գնալու ենք հին ԸՕ-ով։ Միաժամանակ մենք ասել ենք, որ ռեյտինգային ընտրակարգը պետք է հանվի, քանի որ օլիգարխների կողմից է հիմնականում օգտագործվել։ Քաղաքական իրավիճակն այնպիսին է, որ եթե անգամ նման առաջադրումներ լինեն, այդ մեխանիզմն այլևս չի աշխատի», - ասաց Մարուքյանը։

Լրագրողները պատգամավորից հետաքրքրվեցին՝ ինչով է պայմանավորված ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու շտապողականությունը։

«Նաև քննարկում եղավ, որ քաղաքական իրավիճակ է փոխվել, և հիմնական գրգռող հագամանքը, կարծում եմ, դարձավ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում նախաձեռնված փոփոխությունները։ Փաստը մնում է փաստ, որ զիջման տեղ չկա, և ընտրությունները լինելու են դեկտեմբերին։ Բոլոր ուժերն անում են հնարավորինը և լինելու է այն, ինչ հնարավոր է», - նշեց պատգամավորը։

Էդմոն Մարուքյանը միաժամանակ շեշտեց՝ Սահմանադրությունն այն փաստաթուղթը պետք է լինի, որ կանխարգելի սահմանադրական ճգնաժամը։

«Եթե 14 օրվա ընթացքում մենք չենք կարողանում վարչապետ ընտրել, պետք է գնալ նոր ընտրությունների, և ունենալ այնպիսի խորհրդարան, որը կկարողանա նոր վարչապետ ընտրել։ Կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում այնպիսի իրավիճակ է, որ հակահեղափոխության, վարչապետի մեկ այլ թեկնածուի հնարավորություն չկա։ Քաղաքական իրողություններն այնպիսին են, որ նման հնարավորություն չեմ տեսնում։ Անգամ եթե դա արվի, հերթական ձախողված քայլն է լինելու և արդյունք չի տալու՝ ռեվանշի կամ իրավիճակի փոխելու իմաստով։ Հետևաբար, այն քաղաքական ուժերը, որոնք գործող խաղացողներ են, գիտակցում են՝ ինչ իրավիճակ է», - նշեց խորհրդարանականը։