«Սասնա ծռերը» մտահոգված են Փաշինյանի մեղմ մարտավարությամբ
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը խիստ մտահոգիչ է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդեգրած «մեղմ մարտավարությունը քաղաքական դիակի վերածված նախկին ռեժիմի մնացորդների հանդեպ»: Այդ մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն համազգային մոբիլիզացիայի և ազգային ռեսուրսի ամբողջական ու արդյունավետ կիրառման պարագայում:
«Մինչդեռ նախկին ռեժիմին կիսատապալված վիճակում թողնելու և նրա հետ ժողովրդի կամքի ոտնահարմամբ, ժողովրդի իրավունքներն ու շահերը ոտնահարելու համար բռնությամբ ու կեղծիքով ընդունված այսպես կոչված սահմանադրությանն ու այսպես կոչված օրենքներին համապատասխան վարվելու պատճառով ժողովրդի հաղթանակը վտանգի տակ է հայտնվում:
Միակամ և գերիշխան (սուվերեն) ժողովրդի կամքն է իրական և կենդանի Սահմանադրությունն ու Օրենքը, ուստի հարկավոր է առաջնորդվել դրանով, սահմանել անցումային փուլ, պետությունը կառավարել անցումային ժողովրդավարության միջոցով և կիրառել անցումային արդարադատություն, ինչի շնորհիվ ոչ միայն կբացառվի քաղաքական ցնցումների որևէ հնարավորություն, այլև պետությունը շատ կարճ ժամկետում և արդյունավետ կերպով դուրս կգա կառավարման ճգնաժամից և ոտք կդնի զարգացման ուղու վրա», - ասվում է հայտարարության մեջ:
Կուսակցությունը կոչ է անում «անսալ ժողովրդի կամքին ու հեղափոխության տրամաբանությանը և համարժեք քայլեր կատարել օր առաջ այս վտանգավոր վիճակը հաղթահարելու ուղղությամբ»: