Քարահունջի մոտակայքում, Ուխտասարում և Պորտաքարի մոտ իրականացվում են տարօրինակ ծիսակատարություններ
Մշակույթի նախարարության կողմից նշանակված այսօր անվանվող "Զորաց Քարեր պատմամշակութային արգելոց-թանգարան"-ի վարիչ/տնօրեն, նկարիչ՝ Աշոտ Ավագյանը 2000-ականների առաջին կեսերից սկսած, ամեն տարի Քարահունջի տարածքում, Ուխտասարում և Պորտաքարի մոտ իրականացնում էր տարբեր տիպի տարօրինակ ծիսակատարություններ։ Մեկ տարի պարոն Ավագյանը մերկ կանանց էր ներկում, իսկ մեկ այլ տարի կազմակերպել էր իր իսկ թաղման արարողությունը՝ Քարահունջ բերելով դագաղ, ապա պառկել մեջը, ինչից հետո վառել այն, իսկ մոխիրը տարել լցրել Ուխտասարի լճում։
Մերկ կանանց այդ ներկման արարողությունները տեղի են ունեցել 2 անգամ, մեկը՝ Պորտաքարում, մյուսը՝ Քարահունջից ներքև՝ ձորում։ Աշոտը իրականացնում էր հատուկ արարողություն չբեր կանանց համար, որոնք պառկում էին Պորտաքարի վրա, նպատակ ունենալով հղիանալ, իսկ ձորի արարողությունը կապված էր քարանձավի և դևերի հետ։
Քննադատությունների ճնշման արդյունքում Աշոտը Քարահունջի տարածքի մոտակայքում՝ հիմնական և դեպի Քարահունջի քարերը տանող ճանապարհների խաչմերուկում կառուցեց իր անձնական "Քարահունջիկը", որտեղ շարունակեց իր ծեսերը։ Ասում են, որ զբոսաշրջիկներին հաճախ ստում են՝ ասելով, որ հենց դա է հուշարձանը, որպեսզի չմոտենան իսկականին։
Անձնական "Քարահունջիկի" մոտ գտնվող արհեստական քարերից մեկի վրա փորագրված է նրա հեղինակած տեքստը։ "Քարահունջիկը" համարվում է Աշոտի գերեզմանը, և հիմնադրվել է նրա թաղման արարողությունից մեկ տարի անց՝ նույն օրը։
Աշոտը սիրում է հին և նոր քարեր ներկել։ Նաև սիրում է փորագրել նրանց վրա և քանդակել տեսքից բավականին հին քարերը ընկերների հետ։ Այդ տարածքներում նա վառում է խարույկներ և իրականացնում այլ տարօրինակ գործողություններ։
Ամիսներ առաջ Քարահունջի քարերի վրա կարմիր ներկով պատկերվել էին սիմվոլներ, որոնք նմանեցվում են Վիկի պաշտամունքում օգտագործվող նշաններին։ Նմանատիպ սիմվոլներով նախշված են Աշոտի անձնական "Քարահունջիկի" քարերը, նախշվում էին Աշոտի արարողությունների ժամանակ՝ մերկ կանայք, և այդ նշանները նույնպես առկա են Աշոտի նկարներում։ Սիսիանի բնակիչները նաև այս ամենից ելնելով են ենթադրում, որ Աշոտ Ավագյանը այս կամ այն կերպ կապ ունի այդ վանդալիզմական հանցագործությունների հետ։
Ավելացնենք, որ վերոնշյալ որոշ արարողություններին, ինչպես երևում է նկարներից, մասնակցում էր նաև Քարահունջում պեղումներ իրականացնող պարոն Փիլիպոսյանը։