Անկարայի ավտորիտար քաղաքականության պատճառով Եվրախորհրդարանը չեղարկել է Թուրքիային 70 մլն եվրոյի հատկացումը: Ստրասբուրգում համապատասխան առաջարկի օգտին քվեարկել է 544 պատգամավոր, 28-ը դեմ է եղել, ևս 74-ը՝ ձեռնպահ:

Անկարայի համար նախատեսված գումարն ամրագրված էր ԵՄ բյուջեում որպես օգնություն Թուրքիային՝ այդ երկրում բարեփոխումներին նպաստելու համար: Նման օգնության տրամադրումը կախված է որոշ պայմաններ կատարելու հետ՝ իրավական պետության կայացման զգալի առաջընթաց, առաջընթաց ԶԼՄ-ների ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Ապրիլին Եվրահանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ Թուրքիան այդ ոլորտներում «զգալիորեն հեռանում է Եվրամիությունից»:

Այժմ այդ գումարը կուղղվի Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրին:

ԵՄ-ն սակայն չի փոխել որոշումը այն հատկացումների մասով, որոնք արվում են Թուրքիային սիրիացի փախստականներին աջակցելու համար: Հունիսին Բրյուսելը հաստատեց այդ նպատակի համար Թուրքիային 3 մլրդ եվրո հատկացնելու ծրագիրը: Մինչդեռ Թուրքիայում վերջին ամիսներին ծանր ֆինանսական իրավիճակ է ստեղծվել: