Հայաստանի պետական կամերային, Երևանի պետական կամերային, «Հովեր» պետական կամերային և այլ երգչախմբեր համատեղ համերգով հանդես են եկել «Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի շրջանակում: Հոկտեմբերի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգը նվիրված էր Կոմիտասի ծննդյան 149-րդ տարեդարձին: Համերգի մեկնարկին ներկաները հարգանքի տուրք մատուցեցին լեգենդ Շառլ Ազնավուրի հիշատակին՝ մեկ րոպե լռությամբ և ծափերով ճանապարհելով շանսոնյեին:

Համերգի ընթացքում կոլեկտիվները կատարել են Կոմիտասի, Պալեստրինայի, Պուլենկի, Բրամսի, Հովհաննիսյանի, Երկանյանի, Մանսուրյանի, Վարդազարյանի, Պետրոսյանի, Ահարոնյանի ստեղծագործությունները:

«Կոմիտաս» գիտաժողով-փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է Կոմիտասի «Պատարագի» կատարումը Հառիճավանքում ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։

«Կոմիտաս» գիտաժողով-փառատոնը հիմնվել է 2014թ-ին ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ: Նախորդ երեք տարիներին այն անց է կացվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կողմից՝ ներգրավելով միջազգային հեղինակություն ունեցող երաժիշտներ և գիտնականներ: