Լոռիում հրդեհվել է եղևնիների անտառը
ԱԻՆ Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից ոստիկանության Սպիտակի բաժին գրություն է ստացվել, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 10։00-13։00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Կաթնաջուր համայնքի վարչական տարածքում գտնվող ցորենի հնձած արտերում, որտեղից կրակը տարածվել է մոտակայքում գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղին պատկանող եղևնիների անտառով. այրվել է մոտ 18 հա մակերեսով բուսածածկ տարածք, ջերմահարվել և մրկվել են անտառի եղևնիները:
Վնասի չափը պարզվում է: Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 2-ին պարզվել է, որ հիշյալ ցորենի հնձած արտում կրակը, որը տարածվել է մինչև անտառ, վառել է արտի սեփականատեր՝ Կաթնաջուր գյուղի 55-ամյա բնակիչը, ով ներկայացվել է Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն ու տվել է խոստովանական բացատրություն:
Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից նախապատրաստվում են նյութեր: